1569 դիտում
22:47 01-08-2014
Բնակիչների տնօրինմանն է հանձնվել բարեկարգված ևս երկու հանգստի գոտի
Ավան վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նորակառույց ևս երկու հանգստի գոտիներ: Մասնավորապես, Սաֆարյան փողոցին հարակից շուրջ 2500 քմ ընդհանուր մակերեսով նորաստեղծ այգին, որը հիմնականում կառուցվել է նախկինում զավթված հողատարածքներում, այժմ դարձել է իսկապես գողտրիկ անկյուն՝ ջրավազանով, նստարաններով, զրուցարաններով և հարմարավետ ճեմուղիներով, ինչպես նաև միջոցառումներ կազմակերպելու համար առանձնացված բեմահարթակով: Պատասխանատուները նաև նշել են, որ տարածքն ապահովված է ոռոգման ու արտաքին լուսավորության ցանցով:
Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար՝ բնակիչներն ընդգծել են, որ այգիների ու բակերի բարեկարգման և կառուցման ծրագրերն իրապես կարևոր են իրենց համար և վստահեցրել են, որ խնամքով կպահպանեն դրանք: Տարոն Մարգարյանն էլ իր հերթին վստահեցրել է, որ ծրագիրը շարունակական է և, որ հետևողական է լինելու մյուս վարչական շրջաններում ևս նմանատիպ կենտրոնների հետզհետե ավելացման հարցում. «Վերջին տարիներին բոլոր այն վայրերում, որտեղ հնարավոր է ձևավորել անտառպուրակներ, բակային տարածքներ ու այգիներ, մենք իրականացրել ու իրականացնում ենք այդ աշխատանքերը: Շնորհակալ եմ նաև մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կամավոր հրաժարվում են իրենց զբաղեցրած տարածքներից և դրանք հանձնում են քաղաքապետարանի և վարչական շրջանների տնօրինմանը, ինչի շնորհիվ էլ մենք կարողանում ենք կառուցել նոր հանգստի գոտիներ: Մենք այդ խնդիրը դրել ենք մեր առջև ու համոզված եղեք, որ առաջիկա տարիների ընթացքում կբարեկարգվեն երևանյան բոլոր բակերը, այգիներն ու պուրակները», - ընդգծել է քաղաքապետը:
Ավանցիների հետ միասին Տարոն Մարգարյանը շրջել ու գնահատել է նաև Հովհաննիսյան թաղամասի վերակառուցված այգում կատարված աշխատանքներն ու նորակառույց խաղահրապարակը: Պատասխանատուները զեկուցել են, որ ծրագրով կառուցվել են ճեմուղիներ, տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, զրուցարաններ, տարածքներն ապահովվել են նաև գիշերային լուսավորությամբ: Հանգստի նոր գոտիների կազմակերպման ընդհանուր ծրագրի հետ կապված զեկուցվել է նաև, որ, բարեկարգման աշխատանքներին զուգահեռ, այգիներում առանձնակի ուշադրություն է դարձվել կանաչ գոտիների ստեղծմանը և, ըստ այդմ, պատասխանատուները վստահեցրել են, որ արդեն աշնանը այդ տարածքներում կկազմակերպվի ծառատունկ: Քաղաքապետին ներկայացնելով Երևանի զարգացման 2014թ. ծրագրերով Ավանում նախատեսված ծրագրերը՝ վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանն էլ նշել է, որ ընթացիկ տարում բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն ավելի քան 8 հազար քմ ընդհանուր մակերեսով բակային 16 տարածքներում, որոնցում ևս կտեղադրվեն նստարաններ, զրուցարաններ, աղբամաններ ու մանկական խաղեր: Նշվել է նաև, որ բակային տարածքներում կիրականացվեն 17138 քմ ասֆալտապատման և 270 քմ սալիկապատման աշխատանքներ: Բարեկարգմանը զուգահեռ ավելի քան 17600 քմ-ով էլ կընդլայնվի բակային տարածքների կանաչ մակերեսը: Բացի այս, կընդլայնվի նաև վարչական շրջանի գիշերային լուսավորության ցանցը: Քաղաքապետը հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել վարչական շրջանում ընթացող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների կատարման ընթացքը, որպեսզի դրանք բոլորն ավարտվեն նախատեսված ժամկետներում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
1063 դիտում
23:22 23-09-2024
Աջափնյակում ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը. Ավինյան
1228 դիտում
16:46 21-11-2015
2015թ. ծրագրով մայրաքաղաքում բարեկարգվել է ևս 4 հանգստի գոտի ու շուրջ 400 բակային տարածք
4569 դիտում
18:22 19-10-2016
Շենգավիթ վարչական շրջանը կունենա ևս մեկ հանգստի գոտի