211652_close_icon
views-count2005 դիտում article-date 15:52 07-08-2014

Պետական աջակցություն է ցուցաբերվում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստի ժամանակ քննարկվել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին օգնություն ցուցաբերելը, հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում ս.թ. հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին պարբերաբար տեղի ունեցած գնդակոծության հետևանքով բնակելի տներին հասցված վնասը մասնակի փոխհատուցելու նպատակով կառավարությունը մարզպետարանին հատկացրել է 20 մլն դրամ: ՀՀ վարչապետի սահմանամերձ բնակավայրեր կատարած այցելության ժամանակ տեղի բնակչության արծարծած խնդիրներին լուծում տալու նպատակով կառավարությունը որոշել է նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման ծրագիր ներառել սահմանամերձ համայնքների բնակիչներին: Մեկ այլ որոշմամբ ս.թ. մարտի 19-ին հրատապ լուծում պահանջող աշխատանքների համար ՀՀ մարզպետարաններին հատկացված 6 մլրդ դրամից խնայված գումարով մոտ 38 մլն դրամի աջակցություն է ցուցաբերվել Շիրակի մարզում քամու և կարկտահարության հետևանքով առաջացած վնասի մասնակի փոխհատուցմանը, ինչպես նաև 50 մլն դրամ է տրամադրվել Վայոց ձորի մարզին՝ երեք համայնքում ոռոգման ջրագիծ կառուցելու նպատակով: Հայաստանի ջրային պաշարի արդյունավետ կառավարումը հնարավոր է ջրամբարների կառուցման և շահագործման միջոցով: Կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է 6 ջրամբարի հետագա կառուցման համար իրականացնել ուսումնասիրություն և տեխնիկատնտեսական հիմնավորում: Այդ նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրտնտպետկոմին հատկացվել է 25 մլն դրամ:

Նմանատիպ նյութեր