211652_close_icon
views-count825 դիտում article-date 15:52 01-09-2014

ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է, որ երեխաների անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումները շարունակական են լինելու

Գիտելիքի օրով սկսված ուսումնական տարին հաճելի հոգսերի հետ նաև նոր խնդիրներ է առաջադրում ինչպես քաղաքացիներին, այնպես էլ ոստիկանությանը: Ոստիկանության պետի հրահանգով համապատասխան ստորաբաժանումներն առավոտից արդեն ուժեղացված ծառայություն են իրականացնում դպրոցամերձ տարածքներում, ոստիկանական վերակարգերը կազմակերպում են երեխաների անցումը հետիոտնային անցումներով, թարմացվել է փողոցների գծանշումն ու լուսացույցային համակարգը, ոստիկանության ծառայողները հանդիպումներ են ունեցել մանկավարժների և ծնողների հետ: Այս ամենի նպատակը մեկն է՝ բացառել երեխաների կյանքն ու առողջությունը վտանգող ցանկացած իրավիճակ: Արված է առավելագույնը, սակայն խնդիրը լիարժեք կատարելու համար անհրաժեշտ է ոստիկանության և հասարակության անվերապահ համագործակցությունը: Ուստի ծնողներին կրկին կոչ ենք անում ուշադրության կենտրոնում պահել երեխաներին դպրոց գնալիս ու վերադարձին, կատարել երթևեկը կարգավորող ոստիկանների ցուցումները, երեխաներին բացատրել երթևեկության կանոնոները պահպանելու անհրաժեշտությունը: Վարորդներից պահանջում ենք բացառիկ ուշադիր ու զգոն լինել դպրոցների շրջակայքում, չգերազանցել սահմանված արագությունը, անհարկի կայանումով չխոչընդոտել երթևեկությունը: Ուսուցիչներին հորդորում ենք երեխաներին պահել ուշադրության կենտրոնում նաև դասերից առաջ ու հետո, համագործակցել դպրոցական տեսուչների հետ՝ ուսումնական հաստատություններում անցանկալի երևույթները կանխելու համար: Երեխաների ապահովությունը բոլորիս նպատակն ու գործն է, ուստի, կրկին շնորհավորելով ուսումնական նոր տարվա առթիվ, բոլորին կոչում ենք համատեղ աշխատանքի՝ այդ խնդիրը կատարելու համար: Երեխաների անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումները շարունակական են լինելու: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր