Մեր քաղաքական վերնախավն աշխատում է «Թիրախային լսարանի» համար. Առավոտ
«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է.
«Պատկերացրեք հայաստանցի իշխանամետ պատգամավորի կամ նախարարի «միջին թվաբանական» կերպարը: Մինչև ո՞ր սահմաններն է սփռվում նրա երևակայաթյունը՝ գնալ գործի, մի կերպ այդ գործն անել, այս կամ այն ճանապարհով «փող շինել», հետո գնալ «քյաբաբնոց», մի կուշտ ուտել-խմել: «Ձեր ինչի՞ն է պետք փողը, Շուրա,- հարցնում էր Օստապ Բենդերը,- չէ՞ որ դուք երևակայություն չունեք»:
Ինչո՞ւմն է տեսնում իր առաքելությունը «միջին թվաբանական» հայ ընդդիմադիրն այսօր կամ 5, 10, 20 տարի առաջ: Պահանջել նախագահի անհապաղ հրաժարականը. «Օր առաջ այդ իշխանությունները պետք է հեռանան երկիրը կործանումից փրկելու համար»՝ սա է ավելի քան 20 տարի ընդդիմութան «կրեդո»-ն:
Գլխավոր խնդիրն այստեղ երևակայության պակասն է: Այստեղ կա նաև ծուլության տարր՝ որևէ այլ բան պահանջելու համար պետք է ուղեղին «զոռ տալ», կարդալ, ուսումնասիրել, հաշվարկներ անել՝ ո՞վ դրա հավեսն ունի: Կա նաև չհասկացված լինելու վախը, եթե ամեն օր չասենք՝ «հանցավոր իշխանությունը», ժողովուրդը կմտածի, թե մենք ծախված ենք, իսկ մեզնից սպասում են վճռական գործողություններ:
Այսինքն՝ մեր քաղաքական վերնախավն աշխատում է «Թիրախային լսարանի» համար, որը նույնպես երևակայության հետ խնդիրներ ունի՝ «ախ, ե՞րբ է գալու այն իշխանությունը, որը մեզ բարեկեցություն և աշխատանք կտա, իսկ ավելի լավ է՝ փող կբաժանի»։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։