211652_close_icon
views-count2661 դիտում article-date 19:31 13-09-2014

Տեղի ունեցավ Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի հանդիսավոր բացումը

2010 թվականին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնի՝ Երևանի ֆուտբոլի ակադեմիայի շահագործման հանձնելուց հետո, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Հայկական Ֆուտբոլի ստրատեգիական զարգացման ծրագրի» շրջանակներում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան նախաձեռնեց նաև Գյումրիի և Վանաձորի ֆուտբոլի ակադեմիաների շինարարությունը: Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի շինարարությունն ընթացքում է, իսկ այսօր արդեն Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան, որի կառուցման աշխատանքներն սկսվել են 2011թ-ին՝ 8 հեկտար հողատարածքի վրա, հանձնվեց շահագործման: Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան հանդիսավորությամբ բացեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Տոնական միջոցառմանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ով շրջեց ակադեմիայի տարածքում, ծանոթացավ ենթակառուցվածքներին: Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան բաղկացած է 1.200 քմ ընհանուր մակերեսով եռահարկ մասնաշենքից, որտեղ կան ժամանակակից ֆուտբոլը սպասարկող ենթակառուցվածքներ՝ կահավորված մարզչական սենյակներ, հանդերձարաններ, սանհանգույցներ, ցնցուղարաններ, դասասենյակ, լսարան, բժշկի սենյակ, վարչական մաս, արհեստական 2 և բնական խոտածածկով 6 խաղադաշտ, որոնք համապատասխանում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար ընդունված չափորոշիչներին: Այնուհետև նախագահը հետևեց Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում մարզվող շուրջ 300 երեխաների մարզմանը, որի ավարտից հետո երեխաները լուսանկարվեցին ՀՀ նախագահի հետ և նրան նվիրեցին ֆուտբոլային գնդակ: Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրը Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և երկու միջազգային կազմակերպությունների՝ ֆուտբոլի համաշխարհային միության՝ ՖԻՖԱ-ի և ֆուտբոլի եվրոպական միության՝ ՈւԵՖԱ-ի կողմից իրականացված համատեղ ներդրումային ծրագիր է: Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում կարող են մարզվել մինչև 1000 պատանիներ և աղջիկներ: Ակադեմիայում տեղի մասնագետների համար կկազմակերպվեն մարզչական կրթական դասընթացներ, որի արդյունքում վերապատրաստված և համապատասխան արտոնագրեր ստացած մարզիչներն իրավունք կստանան աշխատելու ֆուտբոլի ակադեմիայում:

Նմանատիպ նյութեր