15898 դիտում
09:32 18-09-2014
Ողբերգական դեպք՝ Վայոց Ձորի մարզում. փրկարարները գետից դուրս են բերել 29-ամյա իրենց գործընկերոջ դին
Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի-Արփա ավտոճանապարհին կայանված Վազ 2101 մակնիշի 18 ՏՏ 456 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չի պատասխանում հեռախոսազանգերին, ինչի համար ահազանգողները խնդրում են հրշեջ-փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները ոստիկանների հետ որոնողական աշխատանքների արդյունքում Արփա գետում հայտնաբերել են Վայոց Ձորի մարզի բնակիչ, 29-ամյա Նարեկ Հակոբյանի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ձուկ որսալու նպատակով այցելել է նշված տարածք, որտեղ սայթաքել, վայր է ընկել՝ հարվածելով գլուխը քարին, ինչն էլ պատճառ է դարձել Ն. Հակոբյանի մահվան:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Հակոբյանն աշխատում էր Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես հրշեջ-փրկարար: Ամուսնացած էր, խնամքին ուներ 1 տարեկան տղա: Վերջինիս հայրը, ով նույնպես եղել է Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակից, 1 տարի առաջ մահացել է հենց նույն օրը:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնի Եղեգնաձորի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եղել են դեպքեր, երբ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարները, այդ թվում՝ Ն. Հակոբյանը, նշված գետից դուրս են բերել ավտովթարների և արտակարգ դեպքերի հետևանքով գետում հայտնված քաղաքացիների:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1363 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)