46953 դիտում
09:00 23-09-2014
Հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզում «Ցուլ» կոչվող ռեստորանի մոտ քաղաքացուն դաժան ծեծի ենթարկած «ցուլ» մականվամբ 27-ամյա «ճիվաղը»
Երեկ՝ սեպտեմբերի 22֊ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ֊քննչական խմբերը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում հայտանբերել էին, թե որտեղ է թաքնվում Վարդենիս քաղաքի բնակիչ 27֊ամյա Հրանտ Շաբոյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Գեղաքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ, 44֊ամյա Հրավարդ Սարգսյանին իր ընկերների՝ Զոհրաբ Կարապետյանի և Մարտին Հակոբյանի հետ առանձնակի դաժանությամբ Վարդենիսից դեպի Ծովագյուղ «Ցուլ» կոչվող ռեստորանի հարևանությամբ ծեծի ենթարկելու մեջ։
Ոստիկանության բացատրական աշխատանքների արդյունքում երեկ՝ սեպտեմբերի 22֊ի երեկոյան, Վարդենիսի ոստիկանություն է մեղայականով ներկայացել Հ․ Շաբոյանը, ով Հայաստանի քննչական կոմիտեի Վարդենիսի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Ա․ Սուքիասյանի կողմից ձերբակալվել է։
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2014/09/22/27969/]ավելի վաղ հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Գեղարքունիքի մարզում:
Երևան-Վարդենիս ավտոճանապարհին՝ Ծովակ գյուղի վարչական տարածքում, 2,000-ից ավելի բնակիչներ ճանապարհը փակել էին և հրաժարվել էին բացել, քանի որ սեպտեմբերի 20-ին Վարդենիս քաղաքում 3 ճիվաղներ դաժան ծեծի էին ենթարկել Ծովակ գյուղի բնակիչ Հրավարդ Սարգսյանին և նրա որդուն՝ Մանուկին:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնել էին, որ ճանապարհը չէին բացելու այնքան ժամանակ, մինչև թուրքի հոգեբանությամբ հորն ու տղային ծեծի ենթարկողները չհայտնաբերվեին:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հայրը գտնվում էր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, և բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար:
Ըստ տեղեկությունների՝ Վարդենիսի ոստիկանությունն արդեն գիտեր հանցագործությունը կատարած այդ անձանց ինքնությունը, սակայն մինչ այդ պահը չէր հայտնաբերել նրանց:
Վարդենիսի ոստիկանապետ Վալերի Բաղյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էր. «Գիտենք և ձեռնարկում ենք օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ»:
Ըստ գյուղացիների պատմածի՝ այդ «եռյակը» նախկինում փայլել էր իր լկտի արարքներով և ամեն անգամ «բեսպրեդելից» հետո «ջրից չոր էր դուրս եկել», ու եթե ժամանակին նրանց կատարած անօրինական գործողությունների համար համապատասխան մարմինները ոտքերը «համապատասխան տեղից պոկեին», ապա երեկվա դեպքը տեղի չէր ունենա:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ գյուղացիները, հավատալով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Ադամյանի և ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Վ. Բաղյանի խոսքերին, ճանապարհը ժամանակավորապես բացել էին ու վստահ էին, որ ոստիկանները կարճ ժամանակում կհայտնաբերեին հանցագործներին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց էր տեղափոխվել «կրծքավանդակի սալջարդ, ուղեղի ցնցում, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք էր տեղափոխվել Վազ 21015 մակնիշի 10 ՕԼ 310 համարանիշի ավտոմեքենան, որի մեջ էին եղել 38-ամյա Մարտին Հակոբյանը, 27-ամյա Զոհրաբ Կարապետյանը և 27-ամյա Հրանտ Շաբոյանը, ովքեր առանձնակի դաժանությամբ ծեծի ենթարկելով Հ. Սարգսյանին՝ թողել էին անօգնական և դիմել փախուստի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի