211652_close_icon
views-count1049 դիտում article-date 21:38 23-09-2014

ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Սանկտ-Պետերբուրգում

Սեպտեմբերի 22-ին Սանկտ-Պետերբուրգի հայ մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Միջոցառմանը մասնակցեցին ՌԴ ԱԳՆ, Սանկտ-Պետերբուրգի կառավարության, Լենինգրադի մարզի իշխանությունների ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, գիտական և մշակութային հայտնի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևորականներ և այլն: Ընդունելությանը ելույթով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով անդրադարձավ Հայաստանի անկախության 23 տարիների կարևորագույն իրադարձություններին: ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկայացրեց միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ ՀՀ մոտեցումները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության համատեղ ջանքերը: Իր ելույթում Հրայր Կարապետյանը կարևորեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ամբողջ առաջադեմ մարդկության կողմից դատապարտող դիրքորոշումներ հնչեցնելու կարևորությունը՝ ապագայում նոր ցեղասպանությունները և մարդկության դեմ այլ ոճիրները կանխարգելելու նպատակով: Միջոցառման ընթացքում ընթերցվեցին Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի, Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի և Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր ժողովի ղեկավար Վյաչեսլավ Մակարովի շնորհավորական ուղերձներն ու մաղթանքները: Ելույթներով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգի կառավարության արտաքին կապերի կոմիտեի նախագահ Եվգենի Գրիգորևը, պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին: Միջոցառումն ավարտվեց համերգով, որի ընթացքում հնչեցին հայ և ռուս արվեստի գործիչների ստեղծագործությունները:

Նմանատիպ նյութեր