211652_close_icon
views-count926 դիտում article-date 17:40 24-09-2014

Մայր Աթոռի դիվանապետի խոսքով՝ Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ համաժողովը շրջադարձային էր

Սեպտեմբերի 24-ին «Հայելի»ակումբում տեղի ունեցավ հանդիպում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ, ով ամփոփեց սեպտեմբերի 18-21-ը գումարված եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովի արդյունքները: Արշակ Սրբազանը տեղեկացրեց, որ ժողովը տեղի ունեցավ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ, որին մասնակցում էին 164 պատգամավորներ՝ 154-ը Նվիրապետական Աթոռներից և 35-ը՝ թեմերից: Նա կարևորելով ԵՆԺ-ի կանոնադրությամբ եկեղեցական-ներկայացուցչական ժողովների դերը Հայոց Եկեղեցու վարչակազմակերպական կյանքի կանոնակարգման, Հայոց Եկեղեցու և հայ հավատացյալների առջև ծառացած բազում մարտահրավերների հաղթահարման տեսանկյունից, նշեց, որ այս ժողովը դարձավ շրջադարձային՝ եկեղեցական կյանքում առկա խնդիրների լուծման համար: Սրբազան Հայրը նշեց նաև, որ ժողովի ընթացքում քննարկվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման շեմին Հայոց ցեղասպանության նահատակների Սրբադասման հարցը: «Պատմական այս պահին միասնական ոգով արդարության մեր ձայնը պիտի շարունակենք հնչեցնել ի լուր աշխարհի, որպեսզի նորանոր պետություններ, մասնավորապես Թուրքիայի Հանրապետությունը, և ազգերը ճանաչեն ու դատապարտեն 20-րդ դարում տեղի ունեցած առաջին Ցեղասպանությունը` դրանով կանխարգելով նման ոճրագործությունների կրկնությունը մարդկության կյանքում»,- ասաց Մայր Աթոռի դիվանապետը: Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված նախատեսվում է իրականացնել 18 միջոցառում, որոնցից երկուսը՝ Մյուռոնօրհնությունն ու Սրբադասումը, նշվելու են պետական մակարդակով: 2015թ. սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի է ունենալու Մյուռոնօրհնության սրբազան արարողություն, որն ազգային-եկեղեցական կյանքի կարևոր իրադարձություններից է: Այսօր շարունակում է անհանգստացնել Սիրիայում ու Իրաքում տիրող պատերազմական իրավիճակը և հայության ծանր կացությունը Մերձավոր Արևելքի երկրներում: Սրբազանն ասաց, որ խորին ցավ հայտնելով հակամարտության հետևանքով Սիրիայի և Իրաքի ժողովուրդների կրած կորուստների և պատճառված ավերածությունների համար` մենք, որպես աշխարհասփյուռ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու ներկայացուցիչներ, պիտի շարունակենք հնարավոր աջակցությունը ցուցաբերել Սիրիայի և Իրաքի ժողովրդին, հաղթահարելու դժվարին պայմանները:Օրեր առաջ Դեյր էր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումն ահաբեկչական խմբավորումների կողմից անարգալից քայլ է հայժողովրդի և նրա սուրբ նահատակների հիշատակի հանդեպ: Տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակության նախօրեին հարվածում է հայ ժողովրդի պահանջատիրական արդար ձգտումներին: Սրբազան Հոր խոսքի համաձայն՝ տարբեր քննարկումներ են եղել թեմական ուղենշային կանոնադրության հետ առնչվող հարցերի շուրջ: Որոշում է կայացվել յուրաքանչյուր երկու տարին մեկ այսպիսի ժողով գումարել:

Նմանատիպ նյութեր