211652_close_icon
views-count3189 դիտում article-date 16:57 06-06-2017

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հունիսի 6-ին, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր քառօրյա աշխատանքը սկսեց Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը, որին մասնակցում են Մայր Աթոռում և Նվիրապետական Աթոռներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներ, առաջնորդական տեղապահներ, Հայրապետական պատվիրակներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից ու աշխարհասփյուռ թեմերից ընտրված հոգևորական և աշխարհական ներկայացուցիչներ: Մինչ ժողովը Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի առիթով Մայր Աթոռ ժամանած շուրջ 150 պատգամավորները Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցեցին Արևագալի ժամերգությանը: Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Տերունական աղոթքով մեկնարկեց Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը: Բացման խոսքով հանդես եկավ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գործադիր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, ապա հրավիրեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին իր հայրապետական օրհնությունն ու պատգամը փոխանցելու ժողովի մասնակիցներին: Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ-ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպ. Բեկչյան, Գերաշնորհ, հոգեշնորհ, արժանապատիվ Հայրեր և պատվարժան աշխարհական պատգամավորներ, Ողջունում և բարի գալուստ ենք մաղթում ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին ձեր մասնակցության համար: Մեծապես գնահատում ենք ձեր ազնիվ հանձնառությունը և մանավանդ` եկեղեցական մեր կյանքը պայծառացնելու ձեր նախանձախնդրությունը, որով ձեր նվիրյալ ջանքերն եք բերում ի նպաստ մեր Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորման: Եկեղեցական-ներկայացուցչական ժողովը կյանքի է կոչվել Ազգային-եկեղեցական ժողովի գումարումների միջանկյալ ժամանակահատվածում քննարկելու եկեղեցական և ազգային մեր կյանքը հուզող խնդիրները: Գոհունակությամբ ենք արձանագրում, որ Եկեղեցական-ներկայացուցչական նախորդ՝ 2014 թվականի ժողովում մենք միասնաբար հաստատեցինք այս ժողովի կանոնադրությունը, որում սահմանված են նրա իրավասության շրջանակը, կազմը և կարևոր մյուս հարցերը: Կանոնադրությունը գործադրության մեջ, բնականաբար, կարող է ենթարկվել ընթացիկ փոփոխությունների՝ թեմերից արդեն իսկ ստացվող առաջարկները նկատի առնելով: Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության ընդունումը էական քայլ է մեր Եկեղեցու ամբողջական կանոնադրությունը ստեղծելու և կյանքի կոչելու ճանապարհին: Այս ուղղությամբ կարևոր ձեռքբերում է նաև թեմական կանոնադրության ուղենշային փաստաթղթի կազմումը, որը հանձնարարված է կիրառության 2009 թվականին գումարված Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կողմից: Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի նախորդ գումարումներին Մենք քանիցս անդրադարձել ենք այն դանդաղաշարժությանը, որը դրսևորվում է թեմական ուղենշային կանոնադրության ներդրման գործընթացում: Որոշ թեմերում զանազան պատրվակներով տակավին ձգձգվում է ուղենիշի սկզբունքներով կանոնադրությունների բարեփոխումը: Երբեմն շրջանառվում է այն անհիմն մտածումը՝ իբր Մայր Աթոռը հեռահար նպատակ է հետապնդում թեմերի ունեցվածքի առնչությամբ: Մերժելի է նաև երևույթը, երբ թեմի թեմական-պատգամավորական ժողովը իրեն իրավունք է վերապահում մերժել Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի որոշումները: Թեմերը իրենց պատվիրակների միջոցով մասնակցելով ժողովներին, ապա ներկայացնելով իրենց առաջարկներն ու տեսակետները, պարտավոր են անվերապահորեն ընդունել և կիրառել ղեկավարման ավելի բարձր ատյանի որոշումները: Թեմերի պատասխանատու եկեղեցական մարմիններն այլևս վերջնական հանգրվանի պիտի հասցնեն ուղենիշին համաձայն թեմական և ծխական կանոնադրությունների կազմումը՝ այն գիտակցությամբ, որ հոգևոր-եկեղեցական կյանքի կանոնակարգման ցանկացած հապաղում կասեցնում է մեր Եկեղեցու առաջընթացը և խաթարում մեր ժողովրդի կյանքում Եկեղեցու տերունապատվեր առաքելության առավել արդյունավորումը: Անընդունելի այս երևույթների առնչությամբ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովը պետք է վերաբերմունք արտահայտի և համապատասխան քայլերի վերաբերյալ որոշում կայացնի: Այսօր Ձեր քննարկմանը պիտի ներկայացվի Ազգային-եկեղեցական ժողովի բարեփոխյալ կանոնադրության նախագիծը: Սույն կանոնադրության որդեգրումով Հայ Եկեղեցու բարձրագույն ատյանի գործունեությունը իր լիազորություններով կարևոր նշանակություն է ունենալու եկեղեցական և համազգային հիմնախնդիրների լուծման և մեր ժողովրդի բարօր ապագան կերտելու օրհնյալ գործում: Կամոքն Աստծո առաջիկային պիտի ձեռնամուխ լինենք Եկեղեցու կանոնադրության մյուս գլուխների մշակման աշխատանքներին: Մենք վստահ ենք, որ Տիրոջ կամոք կարող պիտի լինենք կարգավորել կանոնադրական դաշտում մեր Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները՝ վերջնական նպատակ ունենալով մեր Եկեղեցին օժտել ամբողջական կանոնադրությամբ: Եկեղեցական մեր կյանքի հաստատումը կանոնադրական հիմքերի վրա արդյունավորություն է հաղորդելու մեր Եկեղեցու գործունեությանը, քաջալերելու է մեր ժողովրդի ներգրավվածությունը եկեղեցական կյանքում, ավելացնելու է վստահությունը եկեղեցական կառույցների նկատմամբ և ամրապնդելու է լավատեսությունը մեր վաղվա օրվա հանդեպ: Կանոնադրությունները, որոնցով պիտի կարգավորվի եկեղեցական մեր կյանքը, ի մասնավորի՝ մեր Եկեղեցու վարչա-կառավարման ոլորտը, խարսխվում են Ավետարանական պատվիրանների, սուրբ հայրերի հաստատած կանոնների, եկեղեցական մեր դարավոր ավանդույթի վրա՝ թելադրելով արդի պահանջներին համարժեք գործունեություն և ընթացքներ: Եկեղեցական կյանքում կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար Մեր կողմից նախաձեռնվել է նաև խորհրդատվական աջակցության ծրագիր: Այն քանիցս քննարկվել է Գերագույն Հոգևոր Խորհրդում և հավանության արժանացել: Ներկայումս ծրագրի ուղղությամբ աշխատում են հոգևորական և աշխարհական 20 անձեր՝ ինչպես Հայաստանից, այնպես և Սփյուռքից, ովքեր ձեռնամուխ են բանաձևելու առաջադրանքը և այն հարցերը, որոնցով պիտի կատարվեն խորհրդատվության համար անհրաժեշտ ուսումնասիրությունները: Ծրագրի աշխատանքները համակարգվում է մեր անվանի ու բազմափորձ հայորդիներից ամերիկաբնակ Տիար Ասո Դավիդյանի կողմից: Մեր Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարումը անկարելի է պատկերացնել առանց եկեղեցական կառույցների սերտ ու ամուր գործակցության: Այս առումով մեծապես կարևոր է Նվիրապետական Աթոռների, թեմերի և եկեղեցական մյուս կառույցների սերտ ու ջերմ հարաբերությունների խորացումը: Գոհունակությամբ ենք արձանագրում, որ բարվոք են Մայր Աթոռի հարաբերությունները Նվիրապետական Աթոռների հետ: Տևական ժամանակ շարունակում են գործել միասնական հանձնախմբերը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հետ: Եղբայրական այս հարաբերություններով հնարավոր եղավ գումարել Եպիսկոպոսաց միասնական ժողովները, որոնց արդյունքում կատարեցինք նաև Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը: Ուրախ ենք, որ տարեցտարի մեր Եկեղեցու թեմերից ավելանում են Սուրբ Երկիր ուխտագնացությունները հավատավոր Մեր զավակների, որով զորակցություն է բերվում Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը: Ընթացիկ տարում բարի ավարտ ունեցավ Տիրոջ Սուրբ գերեզմանի նորոգության օրհնյալ աշխատանքը, որին, ընդառաջ Երուսաղեմի Հայոց Պատրիարքի դիմումի՝ կարևոր մասնակցություն բերեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը աշխարհասփյուռ իր թեմերով: Վերջին ամիսների ընթացքում ամենքս մտահոգություն ունեցանք կապված Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կյանքում տեղ գտած անցանկալի զարգացումների հետ: Փառք Տիրոջ, որ ընդառաջ Մեր հորդորի և հավատավոր մեր ժողովրդի սպասումների, Պատրիարքության հոգևոր հայրերի և ազգայինների համատեղ ջանքերով հնարավոր եղավ վերականգնել բնականոն վիճակը Պատրիարքության կյանքում և Պատրիարքական ընտրյալ Տեղապահը կարողացավ ստանձնել իր պարտականությունները: Մենք վերստին Մեր զորակցությունն ենք բերում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Տեղապահ Գերշ. Գարեգին արք. Բեկչյանին և հորդորում աննվազ նախանձախնդրությամբ իրականացնել Պատրիարքության ընթացիկ աշխատանքերը և մեր Եկեղեցու կարգաց ու կանոնաց համաձայն կազմակերպել Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքի ընտրությունը: Սիրելի հոգևոր հայրեր, մեծահարգ աշխարհական պատգամավորներ, Քրիստոսավանդ սպասավորության հետ Մեր Եկեղեցու առաքելությունն է ազգային ինքնության պահպանումը: Այս ծիրից ներս մեր Եկեղեցու առանձնակի խնամքը պիտի շարունակվի նոր սերնդի կրթության գործում, որպեսզի Սահակ-Մեսրոպյան դպրոցը հավատքի, մայրենի լեզվի և հայրենյաց ավանդներով հար ապրի մեր ժողովրդի կյանքում: Եկեղեցական մեր կառույցների, եկեղեցականների ու աշխարհականների ողջ ներուժը հարկ է կենտրոնացնել` համախմբելու համար մեր ժողովրդի բոլոր զավակներին քրիստոնեական սիրո, եղբայրության և ազգային արժեքներով հարազատության մթնոլորտի մեջ, որ մեր Սուրբ Եկեղեցու օրհնության ներքո միշտ պայծառանա և հարատևի մեր ժողովրդի կյանքը: Ինչպես սաղմոսերգուն է ասում՝ «Երանի այն ազգին, որի օգնականը Տեր Աստվածն է, երանի այն ժողովրդին, որին Իր համար Նա ժառանգություն ընտրեց» (Սաղմ. ԼԲ 12): Եկեղեցու առաքելության արդյունավետության առանցքային գործոններից մեկը եկեղեցականի անձն է: Պատրաստված, հավատավոր ու նախանձախնդիր եկեղեցականները միայն կարող են Պողոս առաքյալի խոսքով՝ որպես հայելի իրենց մեջ արտացոլել Քրիստոսի պատկերը, սեր, հավատ սերմանել հայ օջախներում և լավատեսություն՝ հայ կյանքից ներս: Եկեղեցականների պատրաստության առաքելությանն են ծառայում Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունները, որոնցում այսօր կրթվում են շուրջ 250 սաներ: Յուրաքանչյուր տարի ձեռնադրվում և ծառայության են կոչվում շուրջ 30 եկեղեցականներ: Հոգևորականներ են պատրաստվում նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դպրեվանքում, Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում և ընծայարանում, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի «Սուրբ Ներսես» ընծայարանում: Այսօր Մայր Աթոռում և թեմերում ծառայում են շուրջ 800 եկեղեցականներ: Հոգևորականները ներկա են դպրոցներում և բուհերում, Զինված ուժերում, խնամատար հաստատություններում, հիվանդանոցներում: Հոգևոր խնամք է տարվում քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց և նրանց ընտանիքների հանդեպ: Մայր Աթոռը իրականացնում է սոցիալական ծրագրեր բարեգործական ճաշարանների, Գարեգին Երկրորդ տնաշինական ծրագրի, ծնողազուրկ երեխաների հովանավորության և այլ նախաձեռնությունների միջոցով: Մայր Աթոռի Սոցիալական գրասենյակի կողմից աջակցություն է ցուցաբերվում ազգաբնակչության առավել կարիքավոր, խոցելի խմբերին, որոնց միայն անցած տարվա ընթացքում տրամադրվել է ընդհանուր 820 մլն. դրամի աջակցություն: Մայր Աթոռը մեծ ուշադրություն է դարձնում նաև Սիրիայից տեղահան եղած մեր զավակներին, ովքեր հաստատվել են Հայաստանում: Մեր Եկեղեցու գործունեության ընդլայնումը և արդյունավորումը հնարավոր է դառնում մեր անկախ պետականության պայմաններում և պետական կառույցների ըստ ամենայնի զորակցությամբ, որի համար պատեհ ենք համարում, հանուն Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի մասնակիցներիդ, Մեր գոհունակությունն ու երախտագիտությունը հայտնել հայրենի իշխանություններին: Հայաստանի Հանրապետությունը՝ անկախ պետականությամբ ամուր խարիսխ է ողջ հայության համար: Ամենքիս սրբազան պարտքն է պաշտպանել Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, բազմադարյա ու նվիրական մեր սրբությունները, ամեն ջանք ու եռանդ ծառայեցնել հայրենի մեր պետականության ամրացմանը և զորացմանը, մեր երկրի առջև ծառացած տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական և այլ բազում խնդիրների դիմագրավմանը: Մեր նվիրական պարտավորությունն է աջակցության ցուցաբերումը Հայոց բանակին, խաղաղության ապահովմանը մեր սահմաններում, ջանքերի մեկտեղումը հանուն Արցախի Հանրապետության զորացման ու միջազգային ճանաչման և մեր արդար դատի հաղթանակի: 2018 թվականին մեր ժողովուրդը նշելու է Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման 100-րդ տարեդարձը, որն առիթ պիտի դարձնենք արժևորելու մեր անկախ պետականությունը, նորոգելու մեր սերն ու պատասխանատվությունը մեր հայրենիքի հանդեպ: Սիրելի ժողովականներ, վերստին մեր ուրախությունն ենք հայտնում Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման առիթով: Նոր ժամանակների բարենպաստ պայմաններում շնորհ և պատիվ է ամենքիս համար մեր Սուրբ Եկեղեցու կանոնադրության մշակման աշխատանքների իրականացումը, որը նոր հորիզոններ է բացելու մեր Եկեղեցու առաքելության օրհնյալ ճանապարհին: Գոհունակ սրտով գնահատանքի Մեր խոսքն ենք ուղղում Մեր Եկեղեցու ուխտապահ ողջ հոգևոր դասին, թեմական և համայնքային վարչական անդամներին, բարերար ու բարեգործ մեր զավակներին, ձեզ բոլորիդ, սիրելի ժողովականներ, որ ընդառաջ Մեր հորդորներին՝ մշտապես պատրաստակամությամբ աջակցություն ու օժանդակություն եք ցուցաբերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, մեր ժողովրդի կարիքներին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Մեր աղոթքն է առ Բարձրյալ Տերը, որ բարի արդյունավորման առաջնորդենք այս ժողովը՝ ի նպաստ քրիստոսասեր մեր ժողովրդի հոգևոր և ազգային կյանքի շինության: Հայցում ենք, որ Աստված զորակից լինի մեզ և Սուրբ Հոգով առաջնորդի մեր քայլերն ու ծառայությունները՝ հանուն մեր Սուրբ Եկեղեցու հավետ պայծառության և ազգային-եկեղեցական կյանքի առաջընթացի: Թող Տերն Իր Սուրբ Աջի հովանին տարածյալ պահի մեր Հայրենիքի և աշխարհասփյուռ ազգիս վրա այժմ և հավիտյանս. ամեն: Հայրապետական ուղերձից հետո ժողովականներին իր խոսքն ուղղեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Պատրիարքական տեղապահն իր ուրախությունը հայտնեց Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման առիթով, որի աշխատանքն ուղղված է եկեղեցական կյանքի կանոնակարգմանն ու պայծառությանը և Եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանը: Սրբազանն անդրադարձավ նաև եկեղեցական կյանքում վերջին տարիներին արձանագրված առաջընթացին և ձեռքբերումներին: Ժողովի բացմանը հաջորդած Ա նիստին տեղի ունեցավ դիվանի, քննախույզ և օրինականության հանձնախմբերի ընտրությունը: Ժողովի ատենապետեր ընտրվեցին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և տիար Լևոն Սարգսյանը (Արարատյան Հայրապետական թեմ), փոխատենապետերի պաշտոնը ստանձնեցին Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը և դոկտոր Վարուժան Ալթըբարմաքյանը (ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր