211652_close_icon
views-count949 դիտում article-date 21:00 24-09-2014

ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Ռումինիայում

Սեպտեմբերի 23-ին ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ Բուխարեստի Հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ մշակութային երեկո` նվիրված Ռումինիայում ՀՀ դեսպանության հիմնադրման 20-ամյակին: Ռումինիայի Հայոց միության և ՀՀ դեսպանության համատեղ միջոցառմանը ելույթներով հանդես եկան Միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը և գրող, հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը: Դեսպան Գասպարյանն իր խոսքում նշեց, որ վերջին 23 տարիները ցույց են տվել, որ հայ-ռումինական հարաբերություններում լավագույն արդյունք գրանցվում է, երբ ժողովուրդները և երկրներն առավելագույնս հաշվի են առնում միմյանց շահերը, հարգում են միմյանց ընտրությունը, ինչը պայման և երաշխիք է միջազգային խաղաղ գոյակցության և կայունության: Դեսպանն ընդգծեց նաև, որ գիտակցելով իր հնարավորությունները և դերը` Հայաստանն ըմբռնումով է կառուցում իր արտաքին հարաբերությունները` ձգտելով իր նպաստը բերել առավել արդար, ապահով և բարգավաճ ապագայի կառուցմանը: Երեկոյի ընթացքում անդրադարձ կատարվեց դեռևս 1920-ական թթ. Ռումինիայի և Հայաստանի միջև հաստատված դիվանագիտական կապերին, որոնց վերաբերյալ վկայում են արխիվային շատ փաստաթղթեր: Երեկոյին ներկա էին ռումին մտավորականներ և լրագրողներ: Հայաստանի ազգային տոնի կապակցությամբ ռումինական «Agerpres» լրատվական գործակալությունը և «Nine O’Clock» անգլալեզու օրաթերթը տպագրել էին դեսպան Գասպարյանի ուղերձը: Հայաստանի ազգային տոնը նշվեց նաև Ռումինիայի հայաշատ այլ քաղաքներում: Սեպտեմբերի 20-ին Կոնստանցայի նահանգապետարանի շենքում կազմակերպվել էր միջոցառում` նվիրված Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին: Միջոցառման շրջանակներում ռումին գրող Մարիուս Կելարուն ներկայացրեց «Գրական զրույցներ» եռահատորյակը, որում ամփոփված են ժամանակակից հայ գրողների գործերի ռումիներեն և անգլերեն թարգմանություններ և մեկնաբանություններ: Ներկայացվեց նաև ռումինահայ գրող, դոկտոր Արշալույս Սարգսյան-Գուրաուի «Երրորդ Աչք» պատմվածքների ժողովածուն: Մինչ այդ, սեպտեմբերի 17-18-ին Բակաու քաղաքում Ռումինիայի Հայոց միության մասնաճյուղի և «Յուլիան Անտոնեսկու» թանգարանային համալիրի համատեղ ջանքերով անցկացվեց Հայկական ֆիլմերի փառատոն:

Նմանատիպ նյութեր