211652_close_icon
views-count1313 դիտում article-date 21:22 22-09-2014

ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Վիեննայում

Սեպտեմբերի 19-ին և 21-ին Վիեննայում տեղի ունեցան տոնական միջոցառումներ` նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին: Սեպտեմբերի 19-ին Վիեննայի կենտրոնում գտնվող «Սան Սուսի» պալատի հանդիսությունների սրահում, ուր ընթանում էր Արևելյան գորգարվեստի միջազգային կոնֆերանսը՝ հայկական ասեղնագործությանը և գորգարվեստին նվիրված ցուցահանդեսի ուղեկցությամբ, Վիեննայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր տոնական ընդունելություն՝ Հայաստանի Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ: Ընդունելությանը մասնակցեցին Ավստրիայի կառավարության, դաշնային նախարարությունների պաշտոնատարներ, Ավստրիայի Ազգային խորհրդի 2-րդ նախագահ Կարլհայնց Կոպֆը, խորհրդարանի զույգ պալատների՝ Ազգային խորհրդի և Դաշնային խորհրդի պատգամավորներ, Վիեննայի քաղաքային խորհրդարանի 2-րդ նախագահ Յոհանն Հերցոգը, Վիեննայում գործող ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ավստրիայում հավատարմագրված երկկողմ և բազմակողմ դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, դիվանագետներ, Ավստրիայի տնտեսական, հասարակական-քաղաքական շրջանակների, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, ինչպես նաև հայ համայնքային կառույցների անդամներ, լրագրողներ: Ներկաների առջև ելույթով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը: Նա համառոտ ներկայացրեց ՀՀ 23 տարիների անցած ուղին: Խոսելով հայ-ավստրիական երկկողմ բարեկամական հարաբերությունների մասին` դեսպանն անդրադարձավ վերջին տարիներին տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելություններին և հատուկ ընդգծեց Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի` 2012թ. հունիսին Հայաստան և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` 2014թ. հունիսին Ավստրիա կատարած պաշտոնական փոխայցելությունների կարևորությունը: Սեպտեմբերի 21-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը ավստրիահայ համայնքի առջև բացել էր դեսպանության և հարակից նորակառույց «Հայաստան» կենտրոնի դռները՝ միասնաբար նշելու Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձը: «Հայաստան» կենտրոնի նորաբաց սրահում տեղի ունեցավ Ավստրիայում բնակվող և ուսանող հայ սկսնակ և երիտասարդ պրոֆեսիոնալ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ համերգ: Համերգին զուգահեռ` «Հայաստան» կենտրոնում բացվեց Հայաստանի նկարիչների միության անդամ Վլադիմիր Սողոմոնյանի գեղանկարների ցուցահանդեսը:

Նմանատիպ նյութեր