211652_close_icon
views-count1155 դիտում article-date 21:16 24-09-2014

ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Մոսկվայում

Սեպտեմբերի 23-ին Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցային համալիրի շքասրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն` ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ: Հանդիսավոր ընդունելությանը մասնակցում էին ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ, քաղաքական, հասարակական և մշակութային անվանի գործիչներ, Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդը, տարածաշրջանային կառույցներում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչներ ու Մոսկվայի հայ համայնքի հայտնի գործիչներ: Հանդիսավոր ընդունելությանը բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը` նշելով, որ Անկախության հռչակումը Հայաստանի նորագույն պատմության մեջ կանխորոշիչ դերակատարում է ունեցել. աշխարհասփյուռ հայության շրջանում այն նպաստել է ազգային գիտակցության բարձրացմանը և համազգային շահերի իրականացման նպատակով անկախ պետականության շուրջ շարունակական համախմբմանը: Իր ելույթում դեսպան Եսայանն անդրադարձավ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների առանցքային ոլորտներին` նշելով, որ երկու ժողովուրդների բարեկամությունն այսօր շարունակում է ամրանալ միջպետական փոխգործակցության շրջանակների ընդլայնմամբ: ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ելույթով հանդես եկավ նաև ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը: Անդրադառնալով քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային բնագավառներում երկու պետությունների փոխգործակցության լայն շրջանակին` նա վստահություն հայտնեց, որ հետագայում ևս հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները կշարունակվեն բարձր արդյունավետությամբ և համագործակցության խորացմանն ուղղված ինտեգրացիոն նոր ձևաչափերում: Տոնական միջոցառումը շարունակվեց Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին կից գործող «Հայորդաց տուն» պարային համույթի համերգային կատարումներով:

Նմանատիպ նյութեր