211652_close_icon
views-count1493 դիտում article-date 21:00 27-09-2014

ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Լիբանանում

Սեպտեմբերի 26-ին Լիբանանում ՀՀ դեսպանության շենքում կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին: Լիբանանի և Հայաստանի օրհներգներից հետո ելույթով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող տնտեսական զարգացումներին, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին: Բարձր գնահատելով հայ համայնքի դերակատարությունը հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների խորացման գործում՝ դեսպան Քոչարյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց բոլոր կառույցներին և անհատներին շարունակական աջակցության և ամենօրյա համագործակցության համար: Նա նշեց, որ Հայաստանի անկախ Հանրապետությունը հայ ժողովրդի անվտանգության և միասնականության երաշխիքն է: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ դեսպան Քոչարյանը շնորհակալություն հայտնեց այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, մասնավորապես Լիբանանի խորհրդարանին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ընդգծվեց, որ հայ ժողովուրդը ջանք չի խնայի` շարունակելու պայքարը պատմական ճշմարտության վերականգնման, համընդհանուր ճանաչման և դատապարտման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության բոլոր հետևանքների վերացման ուղղությամբ: Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկավ Տրիպոլիի երգչախումբը՝ դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Պարգև Թասլակյանի ղեկավարությամբ: Պաշտոնական ընդունելությանը ներկա էին Լիբանանի Ազգային ժողովի նախագահի ներկայացուցիչ, պատգամավոր Հասան Մխայբերը, Լիբանանի Էներգետիկայի և ջրի նախարար Արթուր Նազարյանը, էկոնոմիկայի նախարար Ալեն Հաքիմը, Լիբանանի արտգործնախարարի ներկայացուցիչ, դեսպան Սաադ Զախիան, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը, Լիբանանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, կրոնական համայնքների առաջնորդներ, մտավորականներ, լիբանանահայ համայնքի ազգային կառույցների ղեկավարներ:

Նմանատիպ նյութեր