ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Թբիլիսիում
Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիում տեղի ուենցավ ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն:
Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը ներկաներին ուղղված իր խոսքում մասնավորապես նշեց. «Շնորհավորում եմ բոլորիս մեր հայրենիքի Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ. անկախություն, որին հայ ժողովուրդն արժանացավ իր ուժեղ ու տոկուն կամքի, իր համառության ու միասնականության շնորհիվ՝ բազմաթիվ դժվարությունների հաղթահարման արդյունքում պահպանելով, զարգացնելով և հզորացնելով իր երբեմնի երազած երկիրը: Մաղթում եմ, որ մեր ժառանգների ու դեռ գալիք սերունդների մեջ էլ սերմանվի հայի անկոտրում ոգին՝ մեր անկախությունն անսասան պահելու և հայի ինքնությունը պահպանելու համար»:
Միջոցառման շրջանակներում դեսպան Յուրի Վարդանյանը ՀՀ սփյուռքի, մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների կողմից Վրաստանի հայ համայնքի մի շարք ակտիվ ներկայացուցիչների հանձնեց հուշամեդալներ, պատվոգրեր և շնորհակալագրեր վերոնշյալ ոլորտներում ունեցած մեծ ավանդի համար:
Հանդիսությանը մասնակցեցին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի բարձրաստիճան հոգևորականներ, վրացահայ համայնքի հասարակական, գործարար շրջանակների և մշակութային կառույցների տասնյակ ներկայացուցիչներ, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ: