211652_close_icon
views-count4569 դիտում article-date 23:30 27-05-2016

Լիբանանում «Քո գեղեցիկ աչքերը» լուսանկարչական ցուցահանդես է անցկացվել` նվիրված Հայաստանի և Արցախի անկախության 25-րդ տարեդարձին

Մայիսի 20-ին Թեքեյան մշակութային միության Լիբանանի տեղական վարչության նախաձեռնությամբ և Լիբանանում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի ունեցավ Սուրեն Մանվելյանի «Քո գեղեցիկ աչքերը» լուսանկարչական ցուցահանդեսը` նվիրված Հայաստանի Հանրապետության և Արցախի անկախության 25-րդ տարեդարձին: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ԹՄՄ տեղական վարչության ատենապետ դոկտոր Վիգեն Ասիլյանը` ներկայացնելով լուսանկարչի երկարամյա գործունեությունն ու կենսագրությունը: Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն իր ելույթում շեշտեց անկախության անշրջելի արժեքը` ընդգծելով, որ հայ ժողովրդի համար անկախությունը վերապրելու կամքի դրսևորում է, և այդ կամքն արտահայտվեց նաև մեր արվեստի, մշակույթի, գիտության, կրթության բնագավառներում: Անդրադառնալով լուսանկարչական արվեստի առանձնահատկություններին՝ դեսպանը նշեց, որ դրա շնորհիվ արվեստագետը կարողանում է բացահայտել բնությունը, մարդկանց ներաշխարհը, նրանց մտքերն ու ապրումները: Ընդգծելով նմանօրինակ մշակութային միջոցառումների կազմակերպման կարևորությունը՝ դեսպան Մկրտչյանը բարձր գնահատեց ազգային մշակույթի և արժեքների պահպանմանն ուղղված ԹՄՄ տեղական վարչության գործունեությունը: Այնուհետև Սուրեն Մանվելյանը ներկայացրեց իր լուսանկարները, դրանց էությունը և խորհուրդը: Ցուցահանդեսում հիմնականում ներկայացված էին աչքերի լուսանկարներ, ինչպես նաև Հայաստանի գեղեցիկ բնաշխարհը:

Նմանատիպ նյութեր