Լոնդոնում վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկարժեք կոնֆետը
Լոնդոնյան Harrods խանութը վաճառքի է հանել աշխարհի ամենաթանկարժեք կոնֆետը, որի մեկ տուփը գնահատվում է1000 դոլար: Այս մասին հայտնում է լոնդոնյան The Daily Mail թերթը:
Կոնֆետն արտադրող ընկերության ղեկավար Ջալել Գայզան հայտարարել է, որ նորույթն առաջացրել է գնորդների հետաքրքրությունը:
Խոսքը գնում է Delice կոնֆետների մասին, որն արտադրվում է ԱՄԷ-ում: Կոնֆետների տուփը, որը զարդարված է Սվարովսկու քարերով ու 24 կարատ ոսկով, պարունակում է 240 կոնֆետ:
Կոնֆետները պատրաստված են աշխարհի ամենաթանկ շոկոլադի տեսակներից մեկով, որն արտադրում է ֆրանսիական «Վալրոնա» ընկերությունը:
Կոնֆետներին յուրահատուկ համ են հաղորդում տարբեր տիպի (տարբեր երկրների) հավելումները: Գայզային պատկանող ընկերությունն ամսական արտադրում է 3000 կիլոգրամ կոնֆետ:
Ավելի վաղ ամենաթանկարժեք կոնֆետի ռեկորդը պատկանում էր Ռոբերտո Կավալիի դիզայներական հայտնի տանը: Այն ժամանակ Zebra Praline-ի մեկ տուփը գնահատվել էր 425 դոլար: Դրանում պարունակվում է 150 կոնֆետ: