211652_close_icon
views-count1364 դիտում article-date 12:47 07-10-2014

ՀԱՊ-ում կբացվի Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության Նախագահների բարձր հովանու ներքո, երկու երկրների մշակույթի նախարարությունների, Սոպոտի քաղաքապետարանի աջակցությամբ, Սոպոտի արվեստի պետական և Հայաստանի ազգային պատկերասրահների համագործակցությամբ՝ ս. թ. հունիսի 18-ին Սոպոտի արվեստի պետական պատկերասրահում բացվել է աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Ժամանակ և հավերժություն» խորագրով ցուցահանդեսը. ցուցադրության էին ներկայացված Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից 43 աշխատանք: Ուշագրավ է, որ Հովհ. Այվազովսկու ստեղծագործությունների ցուցահանդեսը Սոպոտում առաջին անգամ բացվել է 1875 թվականին՝ ծովանկարչի կենդանության օրոք: Հովհ. Այվազովսկու ստեղծագործություններին զուգահեռ ներկայացված էր նաև ծագումով հայ, նշանավոր նկարիչ «Լեհահայ Թեոդոր Աքսենտովիչը» խորագրով ցուցահանդեսը. ներկայացված էին 80 գեղանկար, գծանկար, պաստելով կատարված ստեղծագործություններ և էսքիզներ: Ցուցահանդեսները գործել են մինչև ս. թ. սեպտեմբերի 21-ը: Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության Նախագահների բարձր հովանու ներքո, երկու երկրների մշակույթի նախարարությունների, Սոպոտի քաղաքապետարանի աջակցությամբ, Սոպոտի արվեստի պետական և Հայաստանի ազգային պատկերասրահների համագործակցությամբ՝ 2014 թ. հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային պատկերասրահում, հայ-լեհական մշակութային համագործակցության շրջանակներում կբացվի Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որի բացման արարողությանը կմասնակցի նաև բարձրաստիճան պատվիրակություն Լեհաստանից: Թեոդոր Աքսենտովիչի հայաստանյան ցուցահանդեսին ներկայացված է շուրջ 55 աշխատանք: Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 15-ը: Հատկանշական է այն փաստը, որ գեղանկարիչը մշտապես շեշտել է իր հայկական արմատները, ինչի վկայությունն են հայերի կրոնին, մշակույթին և պատմությանն անդրադարձող այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Հայ գաղթականները Լեհաստանում» նկարը, հայուհիների դիմանկարները։ Աքսենտովիչի մեծարժեք կտավներից են «Սառա Բեռնարը Տոսկայի դերում», Վիկտոր Օստովսկու, Անրի Ֆունյեի, Դյուրանովսկու, Լվովի հայ արքեպիսկոպոս Իսահակ Իսահակովիչի դիմանկարները և այլն: «Աշխարհի նկարիչները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում 2010 թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկվել է Թեոդոր Աքսենտովիչին նվիրված հուշադրամ։ «Պաշտված՝ կանանց, հարգված՝ քաղաքական գործիչների, գնահատված՝ պատմաբանների կողմից և իր հայկական արմատները հիշող Թեոդոր Աքսենտովիչի՝ երիտասարդ Լեհաստանի ժամանակաշրջանի մեծագույն ստեղծագործողներից մեկի կյանքը անշուշտ կարող է ծառայել որպես ֆիլմի սցենար»,- գրել է արվեստաբան Յան Բոնչա- Շաբլովսկին: Ս. թ. հոկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում Թեոդոր Աքսենտովիչի ցուցահանդեսին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուել­յանը, Սոպոտ քաղաքի քաղաքապետի տեղակալ Յոհաննա Չիխոդսկան, Սոպոտի պետական պատկերասրահի տնօրեն Զբիգնև Բուսկին, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի տեղակալ Անուշ Հակոբյանը, ցուցահանդեսի համակարգող Աննա Կրուլը, արվեստաբան Շահեն Խաչատրյանը, գեղանկարիչ Գագիկ Պարսամյանը:

Նմանատիպ նյութեր