1041 դիտում
22:13 07-10-2014
Հայկական մշակութային միջոցառում` Ֆրանսիայում
Հոկտեմբերի 3-ին Փարիզի հարևանությամբ գտնվող Անյեր-սյուր-Սեն քաղաքի պատմական դղյակում տեղի ունեցավ «Հայաստան` քարերի գաղտնիք» խորագրով մշակութային միջոցառումների շարքի հանդիսավոր բացումը, որին մասնակցեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Անյեր-սյուր-Սեն քաղաքի քաղաքապետ Մանյուել Աշլիմանը, Ֆրանսիայում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դեսպաններ, տեղական կառավարման մարմինների ղեկավարներ, Օ-դը-Սեն տարածաշրջանի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հարյուրավոր հյուրեր:
Դեսպան Չիտեչյանն իր ելույթում երախտագիտություն հայտնեց քաղաքի ղեկավարներին` միջոցառումների շարքը հյուրնկալելու և բարձր մակարդակով կազմակերպելու համար: Խոսելով «Հայաստան` քարերի գաղտնիք» մշակութային միջոցառումների շրջանակներում հայկական Ճարտարապետության և խաչքարերի արվեստի ցուցահանդեսի մասին` դեսպանն անդրադարձ կատարեց Ջուղայի խաչքարերի անդառնալի կորստի և պատմամշակութային արժեքների դեմ ոտնձգությունների դատապարտման անհրաժեշտության հարցերին՝ իր խոսքում դատապարտելով վերջերս տեղի ունեցած Դեյր Էր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը:
Այնուհետև ներկաները հայտնի ֆրանսահայ ճարտարապետ Ալեն Դարոնյանի ուղեկցությամբ մասնակցեցին հայ ճարտարապետությանն ու խաչքարերի արվեստին նվիրված ցուցահանդեսին: Ցուցահանդեսը, որն իր շրջագայությունը սկսել է անցած աշնանից և արդեն ցուցադրվել Կոմպիեն, Բիարից, Վյեն, Էքս-ան-Պրովանս, Տուրնֆյոյ և Սեն-Տրոպեի քաղաքներում, մեծ հետաքրքրությամբ ընդունվեց Անյեր-սյուր-Սենի բնակիչների և քաղաքի հյուրերի կողմից:
Մշակութային միջոցառումների շարքում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ նաև ֆրանսիացի և հայ երաժիշտներից կազմված «Ամարկորդ» քառյակի ելույթը` ջութակահար Դավիդ Հարությունյանի ղեկավարությամբ: Հնչեցին Կոմիտասի, Բրամսի, Շումանի ստեղծագործությունները:
«Հայաստան` քարերի գաղտնիք» խորագրով մշակութային միջոցառումների շարքը Անյեր-Սյուր-Սեն քաղաքում կտևի մինչև հոկտեմբերի 17-ը:
Նմանատիպ նյութեր
877 դիտում
22:28 20-12-2023
Ֆրանսիայում քննարկել են Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցերը
Այս բաժնից
889 դիտում
20:08 23-01-2025
ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ
556 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
736 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը