211652_close_icon
views-count1571 դիտում article-date 12:22 11-10-2014

Նախագահ Սերժ Սարգսյանը Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին պարգևատրել է Փառքի շքանշանով

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երեկոյան պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Սերբիայի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է երկու երկրների նախագահների երկկողմ ձևաչափով հանդիպումը: Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-սերբական բարեկամությունը խորը արմատներ ու պատմություն ունի, և այդ պատմության մեջ բարեկամության բազմաթիվ դրսևորումներ կան, որոնք լավ հիմք են այսօր միջպետական հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սերբիայի Նախագահի այցը նոր խթան կհաղորդի հայ-սերբական քաղաքական երկխոսությանը և երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու գործին: Տոմիսլավ Նիկոլիչը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ Սերբիայի Նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, իր համար կարևոր է եղել Հայաստանի և Սերբիայի միջև հարաբերությունների զարգացումը, որը, Նախագահ Նիկոլիչի խոսքով, այսօր բավարար մակարդակի վրա չէ: Սերբիայի Նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը կներդնի առավելագույն ջանքեր՝ հայ-սերբական միջպետական կապերը սերտացնելու և համագործակցությունը խորացնելու համար: Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին պարգևատրել է Փառքի շքանշանով՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի առթիվ և ի նշանավորումն հայ-սերբական ավանդական բարեկամության: Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը փոխադարձաբար Նախագահ Սերժ Սարգսյանին պարգևատրել է Սերբիայի Հանրապետության շքանշանով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր