13671 դիտում
11:33 16-10-2014
Երևանում մեքենան վարելու ընթացքում 49-ամյա վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նա մեքենայով բախվել է հաստաբուն ծառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ Երևանի բնակիչ, 49-ամյա Սուրեն Սարուխանյանը, վարելով Գազ 31029 մակնիշի 23 ՕՕ 405 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ծառին, այնուհետ բախվել երկաթե ցանկապատին:
Վարորդին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված հատվածում մաքրման աշխատանքներ կատարողները և բնակիչները, ովքեր ահազանգել են նաև շտապ օգնություն: Օպերատիվորեն ժամանած բուժբրիգադը Ս. Սարուխանյանին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գրիգոր Թամոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի պատճառը եղել է վարորդի ինքնազգացողության վատացումը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա աշխատում է «Բարի վտակ» ՓԲԸ-ում:
Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+