211652_close_icon
views-count1048 դիտում article-date 17:49 23-10-2014

ՀՀ ՖՆ օպերատիվ հետախուզության վարչությունն ամփոփում է կատարած աշխատանքը

«2014թ.-ի 9 ամիսների ընթացքում ՀՀ ՖՆ օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած 3 285 հսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է լրացուցիչ վճարման ենթակա 9.4մլրդ դրամ: Ցուցանիշը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի արդյունքը ավելի քան կրկնակի անգամ, չնայած փաստին, որ հսկողական միջոցառումների քանակը նվազել է 118-ով, հայտնաբերված գումարն աճել է 5.1մլրդ դրամով կամ 118.6%-ով»,-ամփոփելով ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքները նշել է ՀՀ ՖՆ Օպերատիվ հետախուզության վարչության 4-րդ բաժնի պետ, ՀԾ գնդապետ Աշոտ Զաքարյանը: Հաշվետու ժամանակահատվածում վարչությունն իրականացրել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 485 ստուգում` հայտնաբերելով 8.3մլրդ դրամ, Ա. Զաքարյանի ներկայացմամբ համեմատությունը կրկին ընթացիկ տարվա աշխատանքի օգտին է, մասնավորապես աճը կազմել է 4.8մլրդ դրամ կամ 137.1%: 9 ամսում միայն 33 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացված ստուգումներով արձանագրվել է լրացուցիչ վճարման ենթակա 6.9մլրդ դրամ: Այդպիսի ընկերություններից ՀԾ գնդապետն առանձնացրել է «Դանդի Փրիշս Մետալս Կապան» ՓԲԸ-ն, որի ակտի գումարը կազմել է 3.8մլրդ դրամ, «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ն` ակտի գումարը 653.6մլն դրամ, «Ուրախ եւ Տխուր» ՍՊԸ-ն` ակտի գումարը 428.5մլն դրամ, «Հիդրոէներգաշին» ՍՊԸ-ն` ակտի գումարը 56.6մլն դրամ, «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն` ակտի գումարը 34.3մլն դրամ: Ըստ Աշոտ Զաքարյանի, 2014-ի 9 ամիսների ընթացքում իրականացվել է նաեւ առանց ուղեկցող փաստաթղթերի կամ ուղեկցող փաստաթղթերը սահմանված կարգով գրքերում չգրանցելու, ապրանքների առաքումը կամ տեղափոխումը հայտնաբերելուն ուղղված օպերատիվ-հետախուզական 1 827 միջոցառում, որոնց արդյունքում կազմվել է 1 757 վարչական ակտ` 878.5մլն դրամ գումարով: 2013-ի նույն ժամանակաշրջանում իրականացվել է օպերատիվ-հետախուզական 1 797 միջոցառում, արդյունքում կազմվել է 1 678 վարչական ակտ` 624.2մլն դրամ գումարով: Ապօրինի ձեռնարկատիրության բացահայտման նպատակով իրականացվել է օպերատիվ-հետախուզական 264 միջոցառում, կազմվել է 255 վարչական ակտ` 73.7մլն դրամ գումարով: 2013-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքերը նվազել են 79-ով: Չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված 166 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 286 աշխատող եւ արձանագրվել է 24.4մլն դրամ բյուջե լրացուցիչ վճարման ենթակա եկամտային հարկի գումար: 2014-ի հուլիսից իրականացված աշխատանքների արդյունքում առանձնացվել է առավել ռիսկային գնահատված 1 777 հարկ վճարող, որոնց ցանկերը տրամադրվել են Oպերատիվ հետախուզության վարչությանն անհրաժեշտ հսկողական միջոցառումներ իրականացնելու նպատակով, միաժամանակ առանձնացվել է նաեւ 1 521 բարեխիղճ սուբյեկտների ցանկ, որոնք համաձայնել էին ինքնուրույն բարելավել ցուցանիշները: Նրանց նկատմամբ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հսկողական աշխատանքներ չեն իրականացվել: Աշոտ Զաքարյանը նշել է, որ սեպտեմբերի 1-ից առավել խոշոր ներմուծող եւ արտադրող սուբյեկտների ցանկից առանձնացվել են 100 թիրախայինները, որոնց դուրս գրած հարկային հաշիվները կազմում են հանրապետությունում դուրս գրված հաշիվների 30%-ը: Վերջիններիս ապրանքների, արտադրանքի առաքումների եւ փոխադրումների նկատմամբ ՕՀ վարչությունն իրականացնում է ամենօրյա հսկողություն: Սեպտեմբերին նրանց դուրս գրած հաշիվներն աճել են 121 564-ով կամ 79%-ով, իսկ դրանցում արտացոլված ապրանքների արժեքը կազմել է 19.2մլրդ դրամ` 2013-ի նույն ժամանակաշրջանի 15.4մլրդ դրամի դիմաց: Լրագրողների հետ հանդիպմանը Աշոտ Զաքարյանը հարկ վճարողներին հորդորել է գործել բացառապես օրենքի շրջանակում` փաստելով, որ նախարարության տեղեկատվական համակարգերը հնարավորություն են ընձեռում վերահսկել տնտեսվարողների գործունեությունը, եւ վարչության աշխատակիցները, անհամապատասխանություն նկատելու դեպքում, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու համայցեր (ռեյդեր) կնախաձեռնեն` առանց ուղեկցող փաստաթղթերի կամ ուղեկցող փաստաթղթերը սահմանված կարգով չգրանցելու դեպքերում ապրանքների առաքումներ եւ տեղափոխումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին հայտնաբերելու նպատակով:

Նմանատիպ նյութեր