211652_close_icon
views-count59270 դիտում article-date 14:23 24-10-2014

Խորհրդավոր ու առեղծվածային դեպք՝ Ջրվեժ-Վարդաշեն ճանապարհին. մոխրակույտի վերածված Mitsubishi-ի մեջ հայտնաբերվել է մոխրացած դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ճանապարհային ոստիկանության և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ջրվեժից Վարդաշեն ընկած գյուղամիջյան ճանապարհին ավտոմեքենա է այրվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Ստեփան Ստեփանյանի գլխավորությամբ և 1-03 շտապ օգնության թիվ 41 բուժբրիգադը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ս. Ստեփանյանը հայտնեց, որ կարճ ժամանակում իրենք մոտեցել են ավտոմքենային և մարել նրանում առաջացած հրդեհը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հրդեհը մարելուց հետո ավտոմեքենայում հայտնաբերվել է մոխրացած դի, իսկ մեքենան էլ ամբողջովին մոխրակույտի է վերածվել: Այս պահին դեպքի վայր ժամանած ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Արմեն Ամիրխանյանն ու Տիգրան Եղիազարյանը պարզում են Mitsubishi IO-ի համարանիշները: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նշված համարանիշներն են՝ 19 ՍՍ 084: Այն հաշվառված է Երևան քաղաքի Կուզնեցովի 5 շենքի 23 բնակարանի բնակչուհի, 55-ամյա Գայանե Մարտիրոսյանի անվամբ: Այս պահին ոստիկանությունը պարզում է, թե արդյո՞ք ավտոմեքենայում հայտնաբերված դին Գ. Մարտիրոսյանինն է, թե՞ ոչ: Քիչ առաջ դեպքի վայր է ժամանել ոստիկանության Գառնիի բաժնի օպերատիվ խումբը՝ Գառնիի ոստիկանապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության քննիչ Վարդան Պողոսյանը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանը: Սակայն այս պահին նրանք ոչ մի գործողություն չեն ձեռնարկում, քանի որ տարածքը վիճահարույց է՝ մի մասն ասում է, որ հայտնաբերված ավտոմեքենան Երևանի տարածքում է, իսկ մյուս մասը, թե՝ Կոտայքի մարզում: Այժմ Գառնիի ոստիկանապետը փորձում է գյուղապետի միջոցով պարզել, թե ում տարածքում է տեղի ունեցել ողբերգական դեպքը: Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանի և նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին հնարավոր չէ պարզել դիակի ինքնությունը և միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո կպարզվի ամեն ինչ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր