211652_close_icon
views-count1442 դիտում article-date 21:00 31-10-2014

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Կոտայքի մարզ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Կոտայքի մարզ և հանդիպումներ ունեցել մարզի մի շարք ավագ և հիմնական դպրոցներում, միջին մասնագիտական կրթական հաստատություններում: Մարզային այցն ամփոփովել է մարզպետարանում՝ կրթության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությամբ: Նախարարին ուղեկցել է ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը: Նախարարի առաջին կանգառը Աբովյանի կրթահամալիրում էր, որի կազմում ներառված է երեք հաստատություն՝ նախնական արհեստագործական ուսումնարան, ավագ և հիմնական դպրոցներ: Համալիրն ունի 686 սովորող, որոնցից 180-ը` ուսումնարանում, 486-ը` ավագ և հիմնական դպրոցներում: Համալիրում իրականացվում է նաև ներառական կրթություն 30 երեխայի համար: Նախարարը շրջել է կրթահամալիրի դասարաններում, զրուցել սովորողների հետ, հետաքրքրվել առկա խնդիրներով, մասնավորապես, ավագ դպրոցում աշակարտների հաճախելիության ցուցանիշով: Դպրոցի տնօրեն Ա. Դաղբաշյանը նախարարին ներկայացրել է, որ ավագ դասարանների ծանրաբեռնվածությունը օրենքով սահմանված 20-25 աշակերտի սահմանում է, բացակայությունները շատ չեն: Ինչպես ուսումնարանում, այնպես էլ ավագ դպրոցում կրթահամալիրն այս տարի աշակերտների աճ է գրանցել: Կրթահամալիրից հետո նախարարն ու մարզպետն այցելել են Աբովյանի պետական քոլեջ: Քոլոջն ունի 260 սովորող՝ 8 մասնագիտություններով: Պետության կողմից ՄԿՈՒ համակարգում պետպատվեր տեղերի 50 տոկոս աճը հնարավորություն է տվել ավելացնել անվճար սովորողների թիվը: Քոլեջի ուսանողները նախարարի հետ զրույցում նշել են, որ գոհ են կրթության կազմակերպումից և ինքնուրույն են ընտրել իրենց մասնագիտությունը: Սովորողների մեծ մասը հիմնական կրթության հենքով են սովորում քոլեջում: Մանկավարժների հանդիպման ժամանակ նախարարը կարևորել է միջին մասնագիտական կրթության նշանակությունը. "ՄԿՈՒ համակարգի աշխուժացումը սկսվել է մի քանի տարի առաջ. ակնհայտ է, որ այսօր սովորողների հոսքը դեպի քոլեջներ և ուսումնարաններ նկատելիորեն շատացել է: Դրան նպաստել է պետության քաղաքականությունը. այս տարի մենք ավելացրել ենք պետպատվերով հատկացված տեղերը, դրանք անգամ թափուր մնացին: Գործարար ոլորտի հետ մեր բանակցություններն ու հանդիպումները վկայում են, որ մասնավոր հատվածն ավելի շատ կարիք ունի միջին մասնագիտական ոլորտի մասնագետների",- նշել է նախարարը: Քոլեջի մանկավարժների հարցերը հիմնականում վերաբերել են տեխնիկական բազայի համալրմանը և դասագրքերով ապահովմանը, ինչպես նաև քոլեջներում աշխատող դասախոսների աշխատավարձերի բարելավմանը: Նախարար Ա. Աշոտյանը նշել, որ այս տարվա հուլիսի 1-ից ՄԿՈՒ համակարգում, հատկապես քոլեջներում, աշխատավարձի բարձրացում արդեն եղել է, և այդ քաղաքականությունը լինելու է շարունակական, իսկ ինչ վերաբերում է դասագրքերին, ապա նախարարի հավաստմամբ դասագրքերի պակաս հանրապետությունում չկա, հակառակը՝ դրանք միշտ 5 տոկոս ավել են տպագրվել: "Խնդիրն ավելի շատ տեխնիկական է. հանրակրթական բաղադրիչն ապահովելու համար քոլեջներն ու ուսումնարանները պետք է օգտվեն ավագ դպրոցների համար նախատեսված դասագրքերից: Պետք է սահմանված կարգով դիմել Դասագրքերի շրջանառու հիմնադրամին և սահմանված կարգով ստանալ այդ դասագրքերը: Ինչ վերաբերում է ՄԿՈՒ ոլորտի մասնագիտական դասագրքերին, վերջին տարիներին ձեռնարկներ են հրատարակվել 50 մասնագիտւթյունների համար, որոնք հասանելի են նաև էլեկտրոնային եղանակով: Այնումենայնիվ, այստեղ մենք դեռևս անելիք ունենք",- նշել է Ա. Աշոտյանը: Նախարարն այցելել է նաև Չարենացավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոց և թիվ 6 հիմնական դպրոցի հենքի վրա ստեղծված նախակրթարան: Ավագ դպրոցում նախարարը շրջել է դասարաններում, զրուցել աշակերտների ու մանկավարժների հետ: Ներկայացնելով դպրոցի ձեռքբերումները՝ տնօրենն ընդգծել է, որ իրենց սաներն հաջողություններ են ունեցել հանրապետական առարկայական օլիմպիադաներում՝ "Հայոց պատմություն" և "Հայ եկեղեցու պատմություն" առարկաներից: Ավագ դասարանների "Հանրահաշիվ" առարկայի և բնագիտական նոր դասագրքերի վերաբերյալ դպրոցի ուսուցիչներն արտահայտել են իրենց գոհունակությունը, սակայն "Երկրաչափություն" առարկայի համար նախընտրելի են համարել խորհրդային տարիներից գործող և վերահրատարկված տարբերակը: Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոցում նախարարը ծանոթացել է Համաշխարհային բանկի աջակցությամբ ստեղծված նախակրթարանի աշխատանքին. նախակրթարանում այժմ գործում է 3 խումբ` 80 սաների համար: Ամփոփելով այցի արդյունքները՝ մարզկենտրոնում հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ կրթական քաղաքականությունը Կոտայքի կրթական հաստատություններում իրականացվում է արդյունավետ. "Բարձրացված խնդիրները հիմնականում համակարգային բնույթի էին և ընդհանուր բոլոր մարզերի համար: Անկախ այն հանգամանքից, որ մարզերում կան մարզային և նախարարության ենթակայությամբ գործող կրթական հաստատություններ, միևնույնն է, մենք իրականացնում ենք միասնական կրթական քաղաքականություն՝ համագործակցելով մարզպետարանների հետ",- նշել է նախարարը՝ հավելելով, որ Կոտայքի մարզից վերջին շրջանում նախարարության "Թեժ գծին" ահազանգերը նվազել են: Իբրև համակարգային խնդիր՝ նախարարը առանձնացրել է ուսուցչական համակազմի և հաստիքների անհամապատասխանությունը, որը պետք է դիտարկել ինչպես կրթության որակի, այնպես էլ սոցիալական ուղղվածության տեսանկյուններից: Անդրադառնալով դպրոցների շենքային պայմանների բարելավմանն ու տեխնիկական վերազինմանը՝ Ա. Աշոտյանը նշել է, որ 2015 թվականին նախատեսվում է ավագ դասարանների գույքային և համակարգչային վերազինում, ինչպես նաև վիրտուալ բնագիտական լաբորատորիաների ներմուծում: "Մեր փորձն ու դիտարկումները ցույց են տալիս, որ կրթության որակի ապահվման համար տեխնիկական վերազինումից ոչ պակաս կարևոր է նաև տնօրենի և մանակավարժական անձնակազմի պրոֆեսիոնալիզմը: Դպրոցի հեղինակության և անվան համար տեխնիկայի վերջին ճիչը չի կարող որոշիչ լինել, եթե այնտեղ բանիմաց տնօրեն և մանկավարժներ չկան",- դիմելով խորհրդակցության մասնակիցներին` նշել է նախարարը: Խորհրդակցության ընթացքում անդարադարձ է եղել մարզում միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ դպրոցական "Տաք սնունդ" ծրագրի կազմակերպմանը, դպրոցական շենքերի վերանորոգմանը և ընթացիկ մի շարք այլ հարցերի: Այցի ընթացքում նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:

Նմանատիպ նյութեր