211652_close_icon
views-count991 դիտում article-date 15:44 07-11-2014

Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նիստի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստի շրջանակներում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 6-ին Նովո-Օգարյովոյում ի թիվս ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի անդամների ընդունել է նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: Պարոն Շարմազանովը հանդես է եկել ելույթով: Դիմելով ներկաներին՝ ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է, որ ՀԱՊԿ-ն իր պատասխանատվության գոտում կայունության եւ անվտանգության ապահովման համար հանդիսանում է առանցքային գործիք, որն անվտանգության սպառնալիքի առաջացման դեպքում կոչված է ապահովելու հավաքական պաշտպանություն՝ միեւնույն ժամանակ նպատականերին հասնելու հարցում առաջնահերթություն տալով քաղաքական, դիվանագիտական միջոցներին: Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ խորհրդարանական վեհաժողովի հիմնական խնդիրն է հավաքական անվտանգության համակարգի ձեւավորման եւ զարգացման հարցում ՀԱՊԿ անդամ պետությունների ջանքերի համակարգման ապահովմանը նպաստելը, ինչը հնարավոր է վեհաժողովի գործունեության կատարելագործման դեպքում, հատկապես այլ բազմակողմ կազմակերպություններում խորհրդարանականների մասնակցության առումով: ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն ափսոսանքով նշել է, որ նման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ տարբեր միջազգային հարթակներում դաշնակիցների համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի առնչությամբ ՀԱՊԿ մի շարք գործընկերների դիրքորոշումը չի համապատասխանում ՀԱՊԿ-ի ոգուն, ինչպես նաեւ այն փաստաթղթերին, որոնք ընդունվել են կազմակերպության շրջանակներում: Նա հույս է հայտնել, որ անցյալում կմնան այն դեպքերը, երբ որոշ անդամ պետությունների խորհրդարանականները երբեմն չեն պաշտպանել ՀԱՊԿ իրենց դաշնակիցների դիրքորոշումը: Էդուարդ Շարմազանովն անհրաժեշտ է համարել ուշադրությունը սեւեռել այնպիսի առանցքային հարցերի վրա, ինչպիսիք են ՀԱՊԿ-ի եւ կազմակերպության անդամ պետությունների շահերից բխող հարցերում միասնական դիրքորոշման դրսեւորումը, բազմակողմ հարթակներում համագործակցության հարցում դաշնակցային պարտավորությունների առաջնահերթություններից ելնելը, ինչպես նաեւ ստույգ որոշումների եւ հասցեական հայտարարությունների ընդունումը, որոնք բխում են ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական հիմքի վրա անվտանգության ապահովման շահերից:

Նմանատիպ նյութեր