211652_close_icon
views-count923 դիտում article-date 19:41 10-11-2014

Քննարկվել են Microsoft կորպորացիայի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Microsoft կորպորացիայի կառավարության եւ պետական հատվածի հետ համագործակցության գծով տնօրեն Մարկ Դեյին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունն ակտիվորեն համագործակցում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների հետ եւ այդ բնագավառը գործադիրի ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը ՏՏ բնագավառում մի շարք հաջողված ծրագրեր ու նախաձեռնություններ է իրականացնում բազմաթիվ միջազգային ընկերությունների, այդ թվում Microsoft-ի հետ: «Մեր համագործակցության շրջա­նա­կում արդեն իսկ ունենք համատեղ ձեռքբերումներ: Microsoft ինովացիոն կենտրոնն իր գործունեությամբ խթանել է մեր երկրում այս ոլորտում նոր գաղափարների ներդրումը եւ սկսնակ ընկերությունների ձեւավորումը»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ համատեղ կարեւոր նախաձեռնություններից է նաեւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում Microsoft տեղեկատվական տեխնոլոգիաների ակադե­միայի հիմնումը: Հաշվի առնելով Microsoft-ի հետ փոխգործակցության հաջող փորձը` վարչապետը ներկայացրել է երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված տարածաշրջանային նշանակություն ունեցող մի շարք ծրագրային առաջարկություններ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարկ Դեյը նշել է, որ տպավորված է Microsoft-ի եւ ՀՀ կառավարության համագործակցությամբ ու ձեռքբերումներով: «Հայաստանի հեղինակությունը ՏՏ բնագավառում իր հաջողություններով հասել է համաշխարհային մակարդակի եւ բազմաթիվ երկրներ հետաքրքրված են ձեր երկրի անցած ուղով»,- ասել է Մարկ Դեյը: Նա ընդգծել է, որ Microsoft-ը շահագրգռված է ՀՀ կառավարության հետ երկարաժամկետ համագործակցությամբ եւ շեշտել Հայաստանի հնարավորությունները՝ տեխնոլոգիական զարգացման կենտրոնի վերածվելու գործում: Զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանն առնչվող այլ հարցերի եւս:

Նմանատիպ նյութեր