211652_close_icon
views-count9909 դիտում article-date 13:26 15-11-2014

Սնանկացման եզրին կանգնած գործարարը դիմել է Գևորգ Կոստանյանին, որպեսզի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին և Կճոյանին կանչեն հարցաքննության

Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, որպեսզի օֆշորային սկանդալի գործով նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանին եւ ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին հրավիրեն հարցաքննության: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Փայլակ Հայրապետյանը, եւ ավելացրեց, որ առերեսումը լարված է անցել: «Բա՜, դա իրենց ձեռքի գործն է: Փողերը վերցրել, փախել, գնացել են: Դրա պատասխանն ո՞վ պետք է տա: Այդ ամենը նախկին վարչապետի միջնորդությամբ է եղել՝ փողերը բաց թողելը: Հիմա 12 միլիոն չէ, 12 դոլար գնացեք բանկից դուրս գրելու: Տեսնեմ, կարո՞ղ եք դուրս գրել»,- ասաց նա: Մինչ այդ, անդրադառնալով Կճոյանի մեղավորությանը, Փ. Հայրապետյանն ասել էր. «Կճոյանի հիմնական մեղքը կայանում է նրանում, որ նա ամբողջ օրը օֆշորային սկանդալի հիմնական կասկածյալ Աշոտ Սուքիասյանի տանը քցած էր: Բացի այդ, Աշոտ Սուքիասյանի բացած ձեռնարկություններում Կճոյանի անունը կա: Երրորդ՝ Կճոյանն Աշոտ Սուքիասյանի հետ 18 օրով գնացին Կիպրոս` օֆշորային գոտի: Ես եմ նրանց ճանապարհել»: Հիշեցնենք, որ ըստ Փ. Հայրապետյանի՝ խարդախության սցենարը սկսել էր գործել դեռ 2009 թվականին՝ էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Փայլակ Հայրապետյանը նշել էր, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել էր, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Փայլակ Հայրապետյանը նրա հետ գործարքի մեջ է մտնում, գրավադրում է 33 միլիոն դոլարի իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված 10 միլիոն դոլարը տալիս Սուքիասյանին: Ներկա պահին Հայրապետյանի գույքի վրա արգելանք է դրված եւ նա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ էլ վաճառել իր գույքը: Նրա կողմից բարձրացված երկար աղմուկից հետո հունվարի 31-ին՝ Թբիլիսիում, ձերբակալվում է հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ով ներգրավված է «օֆշորային գործում»։ Հայաստանի ոստիկանությունը Փայլակ Հայրապետյանի բարձրացրած երկարատեւ աղմուկից հետո նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել 2013 թվականի հունիսի 17-ին: Մեղադրանք առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի: Քրեական գործ էր հարուցվել նաեւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով:

Նմանատիպ նյութեր