1372 դիտում
17:15 17-11-2014
Գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, նոյեմբերի 17-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ:
ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ, ԱԺ արտահերթ նիստի երկրորդ օրվանից՝ յուրաքանչյուր օր, կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ: Յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը՝ կես ժամ: Նիստերի սկիզբը՝ ժամը 11.00-ին:
Այնուհետեւ քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ռազմական առումով առավել վտանգավոր՝ նախնական տվյալներով 31 սահմանամերձ համայնքներում իրականացնել կոմունալ ծախսերի փոխհատուցում:
Մասնավորապես, Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծով որոշակի աջակցություն կտրամադրվի նախատեսված սահմանամերձ համայքների բնակիչներին: Նա նշել է, որ սահմանամերձ համայնքի ռեգիստրում հաշվառված եւ սահմանամերձ համայնքում մշտապես բնակվող անձանց սպառած գազի, էլեկտրական էներգիայի եւ ոռոգման ջրի վարձավճարները մասամբ կփոխհատուցվեն ՀՀ պետական բյուջեի միջոցներից:
Օրենքի նախագծի համաձայն՝ սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված եւ սահմանամերձ համայնքում մշտապես բնակվող՝ բնական գազի օգտագործման բաժանորդ չհանդիսացող անձանց, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից գնդակոծման ենթարկվող գյուղատնտեսական եւ այգեգործական հողամասերի համար վճարման ենթակա հողի հարկի եւ գույքահարկի տարեկան գումարները եւս վճարվելու են պետական բյուջեի միջոցներից:
Սահմանամերձ համայնքների բնակիչները կստանան նաեւ այլ աջակցություններ, որոնք, ըստ Վաչե Տերտերյանի, սոցիալական բնույթի են, մասնավորապես, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով օթեւանից զրկված բնակիչներին ՀՀ կառավարությունը պետական բյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում կաապահովի օթեւանով նույն համայնքի տարածքում: Այդ գործողությունների հետեւանքով վիրավորված քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը եւս կիրականացվի պետպատվերով: Իսկ ահա սահմանամերձ շրջաններում ականի պայթյունից զոհվածների ընտանիքների անդամներին պետական բյուջեի միջոցներից կտրամադրվի միանվագ օգնություն՝ հուղարկավորության եւ գերեզմանների բարեկարգման ծախսերը հոգալու նպատակով:
Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից եւ կգործի մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը:
Նա պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերին:
ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է:
Նմանատիպ նյութեր
5102 դիտում
09:40 05-09-2015
Կեսգիշերն անց Ազգային ժողովի հատուկ նիստ է գումարվել
1806 դիտում
11:09 22-04-2020
Ազգային ժողովում գումարվել է արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
1468 դիտում
18:56 28-04-2014
Այս պահին ԱԺ-ում գումարվել է արտահերթ նիստ
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»