211652_close_icon
views-count785 դիտում article-date 20:00 19-11-2014

Նախագահն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուին: Նախագահը ողջունել է բարեկամ Կիպրոսից ժամանած բարձրաստիճան հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը, նշելով, որ այցը լավ հնարավորություն է հանգամանորեն քննարկելու հայ-կիպրական օրակարգի հարցերը, նախանշելու համագործակցության հետագա ծրագրերը: Հանրապետության Նախագահը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը երկուստեք ընդգծել են, որ հայ և կիպրոսցի ժողովուրդները դարերի խորքից եկող բարեկամական հարաբերություններ ունեն, պատմության ընթացքում անցել են բազում փորձությունների միջով և այսօր էլ, որպես անկախ պետություններ, շարունակում են ամրապնդել միջպետական հարաբերություններն ու խորացնել համագործակցությունը: Յանակիս Օմիրուի համոզմամբ, երկու ժողովուրդներն էլ մշտապես հիմնվել և հիմնվում են համամարդկային արժեքների ու սկզբունքների վրա և նաև դրա շնորհիվ է, որ կարողացել են դիմագրավել բոլոր փորձությունները: Նա ընդգծել է, որ այցելել է եղբայրական և ոչ թե՝ օտար երկիր, որտեղ իր գլխավորած պատվիրակությանը ջերմությամբ են ընդունել: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ պատմական ամուր հիմքի և փոխադարձ հարգանքի վրա ձևավորված հայ-կիպրական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Սերժ Սարգսյանը և Յանակիս Օմիրուին կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի առավել սերտացումն ու փոխգործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում: Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի իշխանություններին ու ժողովրդին՝ Հայոց ցեղասպանությունն առաջիններից մեկը ճանաչելու և անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի մի հատվածին օգնության ձեռք մեկնելու՝ ապաստան տրամադրելու, ապրելու և արարելու հնարավորություն ընձեռելու համար: Հանդիպմանը ՀՀ Նախագահը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին ու արդի մարտահրավերներին:

Նմանատիպ նյութեր