211652_close_icon
views-count1121 դիտում article-date 14:35 27-11-2014

Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Նոյեմբերի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Առաջին Լուսավորիչների բերկրառատ տոնին Մայր Տաճարում, ժամը 10.30-ին կմատուցվի սուրբ և անմահ Պատարագ: Այս առիթով Մայր Տաճար կբերվի Սուրբ Գեղարդը, որով հնարավորություն կընձեռվի ուխտավորներին երկրպագելու և հրաշագործ Սուրբ Գեղարդից ստանալու բաշխվող օրհնությունն ու շնորհները: Ս. Գեղարդը Միածնաէջ Տաճարում կմնա մինչև նույն օրվա երեկոն: Ի գոհացումն բարեպաշտ հայորդիների ու օտարազգի ուխտավորների, Ս. Պատարագի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը կհռչակվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: *** Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ սրբություններից ու մասունքերից մեկն Աստվածամուխ Սուրբ Գեղարդն է, որով նաև օրհնվում է Հայոց Եկեղեցու Սրբալույս Մյուռոնը: Աստվածամուխ Սուրբ Գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զինվորը խաչի վրա խոցեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Այդ մասին Ս. Ավետարանը վկայում է. «Երբ եկան Հիսուսի մոտ և տեսան, որ նա արդեն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին, այլ զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողերը, և իսկույն արյուն և ջուր ելավ» (Հռոմ. 19:33-34): Ըստ եկեղեցական ավանդության, Տերունի այս սրբությունն առաջին դարում Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտներից Ս. Թադեոս առաքյալը: Համաքրիստոնեական այդ սրբությունը դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում, իսկ 13-րդ դարից` Այրիվանքում, որը հետագայում ի պատիվ Ս. Գեղարդի վերանվանվել է Գեղարդավանք: 18-րդ դարի երկրորդ կեսին Ս. Գեղարդը բերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և մինչ օրս պահվում է համայն հայության հոգևոր կենտրոնում: Համաձայն պատմական տեղեկությունների, Աստվածամուխ Ս. Գեղարդն իր հրաշագործ զորությամբ փարատել է հոգեկան ու մարմնական հիվանդություններ: Եվ այդ նպատակով 18-19-րդ դդ. ընթացքում այն մի քանի անգամ տարվել է Հայաստանի տարբեր գավառներ, ինչպես նաև ուղարկվել է Թբիլիսի (Վրաստան):

Նմանատիպ նյութեր