904 դիտում
18:16 30-11-2014
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ֆրանկֆուրտի 15-րդ գագաթնաժողովին
Համաժողովի հարգելի Նախագահ,
Տիկնայք և պարոնայք երկրների և կառավարությունների ղեկավարներ,
Պարոն գլխավոր քարտուղար,
Տիկնայք և պարոնայք պատվիրակությունների ղեկավարներ,
Տիկնայք և պարոնայք,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեզ հյուրընկալող Սենեգալին և մասնավորապես՝ Սենեգալի Հանրապետության Նախագահ պարոն Մակի Սալին՝ ցուցաբերված հյուրընկալության և ջերմ ընդունելության համար:
Գտնվելով Սենեգալում, որն այնքան մեծ ներդրում է ունեցել հանուն Ֆրանկոֆոնիայի, մեզ առիթ է ընձեռվում՝ հարգանքի տուրք մատուցելու Լեոպոլդ Սեդար Սենգորին՝ Ֆրանկոֆոնիայի հիմնադիր հայրերից մեկին:
Գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի պաշտոնավարման ժամկետը մոտեցել է ավարտին, այդ առիթով ցանկանում եմ նրան հավաստել իմ խորին հարգանքը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը իր պաշտոնավարման ընթացքում այդչափ իմաստնաբար, հմտորեն և հեռատեսորեն ղեկավարելու համար:
Շնորհիվ նրա՝ մեր Կազմակերպությունն այսօր դարձել է միջազգային ասպարեզում ազդեցիկ և հեղինակավոր դերակատար: Ցանկանում եմ նրան հավաստել մեր երախտագիտությունը՝ իր հսկայական ներդրման համար՝ ի նպաստ աշխարհում Ֆրանկոֆոնիայի տարածման:
Պարոն Նախագահ,
Մեր համաժողովի օրակարգում է խաղաղությանը և զարգացմանը վերաբերող հարցերում կանանց և երիտասարդության դերի կարևորումը, որը Ֆրանկոֆոնիան վաղուց դասել է իր առաջնահերթություների շարքին: Նրանց քաղաքացիական ներգրավվածությունը և ներուժը միանշանակ կարևոր են՝ դիմակայելու աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին:
Ֆրանկոֆոնիայի 15-րդ գագաթաժողովը տեղի է ունենում միջազգային ասպարեզում ի հայտ եկած ճգնաժամերի և սպառնալիքների պայմաններում: Հակամարտությունները և ճգնաժամերը, որոնք ուղեկցվում են մարդու իրավունքների ոտնահարմամբ, շարունակում են վտանգել ֆրանկոֆոն տարածքի որոշ տարածաշրջանների կայունությունը:
Մենք արժևորում ենք Ֆրանկոֆոնիայի դերակատարությունը՝ ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության:
Կազմակերպության ներգրավվածությունը՝ մեր հիմնարար արժեքների տարածման և հակամարտությունների կանխարգելման ու կարգավորման գործում, նշանակալի ձեռքբերում է: Շնորհիվ միջնորդական և փորձագիտական առաքելությունների՝ Ֆրանկոֆոնիան միջազգային և տարածաշրջանային իր գործընկերների հետ համատեղ էական աջակցություն է ցուցաբերում այս երկրներում անցումային գործընթացներին և ճգնաճամերի հաղթահարմանը:
Ոչ մի ջանք չպետք է խնայել՝ վերահաստատելու անվտանգությունը և խրախուսելու հակամարտությունների տևական կարգավորումը: Այս համատեքստում, և ի պատասխան Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի նախաձեռնությանը՝ հօգուտ մեր Կազմակերպության անդամ երկրների միասնական ներգրավվածության ապահովման՝ կցանկանայի տեղեկացնել, որ Հայաստանը դիտարկում է ֆրանսիական զորախմբի կազմում իր հնարավոր մասնակցությունը բերել աֆրիկյան մայրցամաքում իրականացվող ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին։
Տիկնայք և պարոնայք,
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ցանկանում եմ ձեզ հետ կիսել մեր խորին մտահոգությունը՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի առնչությամբ, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետևանքով:
Վերջին երեք ամիսների ընթացքում եռանախագահ երկրները՝ Ռուսաստանի նախագահը՝ Սոչիում, ԱՄՆ պետքարտուղարը՝ Նյուպորտում, Ֆրանսիայի նախագահը՝ Փարիզում, նախաձեռնեցին գագաթաժողովներ` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ` առաջին հերթին լարվածության նվազեցման և իրավիճակի հետագա սրումը կանխելու նպատակով:
Դժբախտաբար, Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվեց բարձրաստիճան հանդիպումների ընթացքում ստանձնած իր հանձնառություններից՝ լուծելու այս հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, և դիմեց իրավիճակը առավել սրելուն ուղղված հանցավոր սադրանքների:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ղարաբաղի Պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումը երեք երիտասարդ զինծառայողների կյանք խլեց։
Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքը, գրեթե տասն օր շարունակ ուղղաթիռի խոցման վայրը պահեց ինտենսիվ կրակի տակ` խոչընդոտելով փրկարար խմբերին, միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՀԿ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ տարհանելու զոհված օդաչուների մարմինները՝ մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների համապատասխան կոչը։ Այդ պայմաններում Ղարաբաղի Պաշտպանության բանակը ստիպված եղավ՝ դիմելու հատուկ գործողության՝ տարհանելու խոցված ուղղաթիռի անձնակազմի մասունքները։
Չնայած Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի տապալմանն ուղղված քայլերին՝ Հայաստանը՝ միջազգային հանրության հետ համատեղ, շարունակելու է ջանքերն` ուղղված Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Այսպիսին է հանձնառությունը, որ կցանկանայի այստեղ վերահաստատել:
Ներկայիս իրավիճակը պահանջում է կրկին ամրագրել մեր Կազմակերպության լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված այս հակամարտության խաղաղ կարգավորմանը, և կոչ անել՝ ձեռնպահ մնալ ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից, և բանակցությունների համար հիմք ընդունել Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները՝ որպես մեկ միասնական ամբողջություն, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման միջազգային իրավունքի սկզբունքները՝ որպես հակամարտության հավասարակշիռ և տևական կարգավորման հիմք:
Պարոն Նախագահ,
Մենք բոլորս նաև գիտակցում ենք անհրաժեշտությունը՝ համախմբվելու ընդդեմ ահաբեկչության արհավիրքի, որը վտանգում է խաղաղությունը և անվտանգությունը աշխարհի տարբեր տարածաշրջաններում և ոտնահարում է մեր մարդասիրական արժեքները:
Որտեղ էլ որ ահաբեկչությունը գլուխ բարձրացնի, այն ամենուր հանդես է գալիս բարբարոսի նույն կերպարով: 1915թ.-ի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Սիրիայի Դեր Զոր քաղաքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու՝ վերջերս տեղի ունեցած ավերումը ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող բազմաթիվ ստոր գործողությունների շարքից է:
Սա անարգանք է՝ ուղղված հայ ժողովրդի հավաքական հիշատակին, որը 2015թ.-ին միջազգային հանրության հետ միասին պատրաստվում է նշել մարդկության դեմ այս հանցանքի 100-ամյա տարելիցը. հանցանք, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում և մինչ օրս չի ճանաչվել Թուրքիայի կողմից:
Պարոն նախագահ,
Մեկ այլ մարտահրավեր՝ էբոլայի դեմ պայքարը, հրամակայական է դարձրել միջազգային հանրության համերաշխության դրսևորումը՝ դիմագրավելու այդ սպառնալիքին։
Պարոն նախագահ,
Զարգացման խնդիրը մեկ այլ մարտահրավեր է, որ ծառացած է մեր առջև: Ֆրանկոֆոնիան պետք է շարունակի գործել այս բնագավառում՝ հիմնվելով ֆրանկոֆոն ընտանիքի անդամ երկրների հաստատակամության վրա՝ գործելու հօգուտ կայուն զարգացման, կենսաբազմազանության պահպանման և կլիմայական փոփոխությունների ազդեցության վերահսկման:
2015թ.-ին Փարիզում կայանալիք Կլիմայական փոփոխություններին նվիրված համաժողովը կարող է առիթ հանդիսանալ՝ այս բնագավառում առաջընթաց արձանագրելու համար: Առերեսվելով այն վտանգներին, որ սպառնում են մեր շրջակա միջավայրին և վտանգում մեր մոլորակը՝ պատասխանատվության զգացումը ստիպում է մեզ նպաստել համաժողովի հաջողությանը:
Պարոն նախագահ,
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայատանի լիիրավ անդամակցությունից երկու տարի անց ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի նվիրվածությունը Ֆրանկոֆոնիային՝ համագործակցության ու երկխոսության այս տարածքին, որի շրջանակներում ծաղկում է Ֆրանկոֆոնիայի հարստություն հանդիսացող բազմազանությունը:
Հայաստանը լիովին ներգրավված է համերաշխության և հանդուրժողականության այս տարածքի կառուցման գործընթացում, որը մեծ կարևորություն է տալիս կրթությանը և միջմշակութային երկխոսությանը:
Այս հանձնառությունը դրսևորվում է մեր ակտիվ ներգրավվածությամբ՝ Կազմակերպության գործունեության մեջ. այս տարվա հուլիս ամսվա վերջին Հայաստանում կայացած Հարավի ֆրանկոֆոն լրատվամիջոցների աջակցության հիմնադրամի հանձնաժողովի նիստը, հավասարության բնագավառում ձեռք առնված նախաձեռնությունները մեր ներգրավվածության լավագույն արտացոլումն են:
Այն դրսևորվում է նաև մեր դիվանագետների ակտիվ մասնակցությամբ՝ ֆրանկոֆոն դեսպանների խմբի աշխատանքներին: Այս կապակցությամբ ողջունելի է նաև, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում մեր ներկայացուցիչը հանդիսանում է Ֆրանսիայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահը:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ ստորագրված Ֆրանսերեն լեզվի ծրագրի կյանքի կոչմամբ մենք ի ցույց ենք դնում ֆրանսերենի ուսուցմանը տրվող կարևորությունը: Ամեն տարի մեծ հաջողություն արձանագրող Ֆրանկոֆոնիայի երկամսյակի անցկացումը Հայաստանում, որի շրջանակներում այս տարի կազմակերպվեց ավելի քան 400 միջոցառում, հանդիսանում է մեր երկրում ֆրանկոֆոն մշակույթի խորը հիմքերի ապացույց:
Ֆրանկոֆոն հանձնառությունը կիսում են նաև Հայաստանի պետական հաստատությունները, ինչի մասին են վկայում հայկական համալսարանների և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև հաստատված կապերը, ֆրանկոֆոն ապակենտրոնացված համագործակցության մեծ ծավալը, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Այս առումով, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրոպայի տարածաշրջանի նախագահների հաջորդ նիստի անցկացումը Երևանում, միանշանակ, պատահականություն չի կարելի համարել:
Պարոն նախագահ,
Մենք առաջարկել ենք 2015թ.-ին Հայաստանում հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովը: Ինչպես գիտեք, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը դրական է արձագանքել այս առաջարկին:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կազմակերպության անդամ երկրներին և կառավարություններին՝ ցուցաբերված վստահության համար և ասել, որ մենք շատ ուրախ կլինենք՝ Երևանում հյուրընկալելու այս նախարարական համաժողովը:
Վստահեցնում եմ, որ մենք կանենք ամենը, որպեսզի այս նախարարական համաժողովն անցկացվի բարձր մակարդակով և հաջողություն արձանագրի:
Շնորհակալություն:
Նմանատիպ նյութեր
4282 դիտում
21:51 27-11-2016
Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 16-րդ գագաթնաժողովին
1094 դիտում
13:44 04-03-2015
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանին
1177 դիտում
16:43 18-06-2015
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Ռոզ-Ռոթ սեմինարի բացման նստաշրջանին
Այս բաժնից
757 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին
652 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
703 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան