211652_close_icon
views-count1010 դիտում article-date 16:06 08-12-2014

ՀՀ ՏԿԱԻ նախարարն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը ճանաչողական այցի շրջանակներում ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Ողջունելով դեսպանին` նախարար Երիցյանը ծանոթացրեց վերջինիս Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորման համատեքստում կառույցի գործառույթների ընդլայնման շրջանակներին, ինչը ենթադրում է, որ նախարարության միջպետական համագործակցության շրջանակները նույնպես ենթակա են ընդլայնման: Պատասխան խոսքում դեսպանը նշեց, որ Չինաստանի և ՀՀ ԱԻՆ-ի միջև տարիների ընթացքում սերտ և արդյունավետ համագործակցություն է հաստատվել, որը միտում ունի դուրս գալ նոր մակարդակի վրա: Կարևորելով ՏԿԱԻՆ-ի հետ համագործակցության նոր եզրերը` դեսպանը շեշտեց, որ համագործակցությունը ռեգիոնալ և միջգերատեսչական մակարդակում նպաստում է միջպետական հարաբերությունների ամրապնդմանը: ՏԿԱԻ նախարարը և Չինաստանի դեսպանը բանավոր համաձայնություն ձեռքբերեցին համագործակցության հետագա զարգացումների վերաբերյալ: Հիշեցնենք, որ հայ-չինական համագործակցության շրջանակներում 2013թ.-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել: Չինաստան կատարած այցի ժամանակ նախարարն արծարծել է երկու նախարարությունների արբանյակային կապի համատեղ համագործակցության տեխնիկական լուծումների հարցը: Չինական կողմին առաջարկվել էր ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստեղծել Ռիսկերի նվազեցման տիեզերական կենտրոն, որին պետք է անվճար հիմունքներով տրամադրվեն չինական HJ-14-A և HJ-14-B արբանյակներից ստացվող տվյալները` մշակման, վերլուծության և մշտադիտարկման տեխնիկական միջոցների, սարքավորումների և ծրագրային փաթեթների ամբողջական փաթեթների ներառմամբ: Հանդիպումից հետո ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը ճանաչողական շրջայց կազմակերպեց դեսպան Էրլունի համար` մասնավորապես ծանոթացնելով վերջինիս Ճգնաժամային կառավարման կենտրոնի գործունեությանը:

Նմանատիպ նյութեր