211652_close_icon
views-count981 դիտում article-date 23:15 09-12-2014

Միշտ զգացել եմ հայերի հանդեպ Ուրուգվայի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը. Ամանայն Հայոց Կաթողիկոս

Դեկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՄԱ տեղեկատվական կենտրոնը: Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակություն հայտնեց հայ-ուրուգվայական հարաբերությունների զարգացման և զորացման համար: Նորին Սրբությունը, վերհիշելով Ուրուգվայ կատարած իր երկու հովվապետական այցերը, գնահատանքով ընդգծեց, որ միշտ զգացել է հայ ժողովրդի նկատմամբ երկրի իշխանությունների կողմից դրսևորվող բարյացակամ վերաբերմունքը և հարգանքը: Հայոց Հայրապետը նկատեց, որ Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ և Ուրուգվայում հաստատված հայորդիներն իրենց նվիրյալ ծառայությամբ այսօր կարևոր ներդրում են բերում երկրի զարգացման գործում` ներգրավված լինելով կյանքի բոլոր ոլորտներում: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը նաև շնորհակալություն հայտնեց Ուրուգվայի իշխանություններին` Հայոց Ցեղասպանությունը աշխարհում առաջինը ճանաչելու և դատապարտելու համար` հավելելով, որ հայ ժողովուրդն առանձնահատուկ երախտագիտությամբ է գնահատում այս քայլը: Իր հերթին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատի նախագահն ուրախություն հայտնեց համայն հայության հոգևոր կենտրոն այցելելու առիթով` նշելով, որ դրանով նպատակ է հետապնդում զորացնել երկրների միջև նաև հոգևոր կապերը: Իր խոսքում տիար Դ. Աստորին հաստատեց, որ հայերն Ուրուգվայի հասարակության մաս են կազմում և մեծապես նպաստում են երկու երկրների միջև հարաբերությունների սերտացմանը:

Նմանատիպ նյութեր