749 դիտում
12:43 15-12-2014
Տեղի է ունեցել ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրոնային Հայաստան» ծրագրի ավարտական շնորհանդեսը
Երևանում այսօր աշխատանքներն է սկսել «Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» համաժողովը, որով ազդարարվել է «Էլեկտրոնային Հայաստան» ծրագրի ավարտը: Այն կազմակերպվել էր ՀՀ կառավարության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համատեղ ջանքերով: Միջոցառման մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որն ընթերցել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը.
«Հարգելի՛ գործընկերներ,
Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ջերմորեն ողջունում եմ «Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագրի ավարտն ազդարարող համաժողովի բոլոր մասնակիցներին: Այս համաժողովը մենք դիտում ենք որպես պատեհ հնարավորություն՝ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը ոլորտում կատարված փոփոխությունների մասին և մատնանշելու այն նոր խնդիրները, որոնք ի հայտ եկան էլեկտրոնային հասարակության զարգացման ճանապարհին:
Վերջին երկու տարվա ընթացքում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող այս նախագիծը Հայաստանում էլեկտրոնային կառավարման զարգացման անբաժան մաս է կազմել, ինչի շնորհիվ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացումը Հայաստանում թևակոխել է որակապես նոր փուլ:
2010 թ. Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնեց էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագիր՝ համաձայն միջազգային լավագույն չափորոշիչների։ Ծրագրի նպատակն էր ստեղծել մի այնպիսի միջավայր, որտեղ նվազագույնի կհասնի քաղաքացի պետական պաշտոնյա շփումը, ինչի արդյունքում կնվազեն կոռուպցիոն ռիսկերը, կապահովվի մատուցվող ծառայությունների բարձր որակ և հասանելիություն։
Այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի բնակչության 67 տոկոսն օգտվում է համացանցից, իսկ ընտանիքների հասանելիության աստիճանը համացանցին էլ ավելի բարձր է՝ 82 տոկոս: Սա արդեն համեմատական ցուցանիշ է Եվրոպական միության երկրների կտրվածքով և տարածաշրջանում բարձր ցուցանիշներից մեկն է: Գոհունակությամբ եմ նշում, որ համացանցի հասանելիությունը գրեթե նույնն է Հայաստանի ողջ տարածքում. մարզերի բնակիչները մայրաքաղաքի բնակիչների հետ հավասարապես օգտվում են համացանցից:
2014 թ. ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարության պատրաստվածության ինդեքսով Հայաստանն զբաղեցրել է 61-րդ տեղը, ինչն զգալի առաջընթաց է նախորդ ցուցանիշի համեմատ՝ 2012 թ.՝ 94-րդ տեղ:
Հարգելի՛ ներկաներ,
Մեկ այլ նշանակալից բարեփոխում ենք համարում քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրումը: Դա նաև կարևոր քայլ է էլեկտրոնային նույնականացման համակարգի բարելավման գործում: Էլեկտրոնային նույնականացման ամբողջական համակարգի ներդրմանը զուգահեռ պետք է ապահովվի նաև անձնական տվյալների պաշտպանությունը և դրանց անվտանգությունը: Այս առումով կարևորում ենք ծրագրում ներգրավված փորձագետների դերը համապատասխան օրենսդրական փոփոխությունների մշակման գործում:
Իրականացվող հիմնարար բարեփոխումներին զուգահեռ «Էլեկտրոնային Հայաստան» ծրագիրն զգալիորեն ընդլայնել է հասարակական սպասարկման հատվածը: Առանձնապես կարևորում ենք ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների էլեկտրոնային համակարգի ստեղծումը: Մշակված համացանցային լուծումների շնորհիվ, օրինակ, հնարավոր է դարձել առցանց տեղեկանալ վարորդների կողմից խախտումների արդյունքում առաջացած տուգանքների վերաբերյալ տեղեկատվությանը և վճարումների կատարմանը համացանցի միջոցով:
Այս դրական միտումների հետ մեկտեղ պետք է նշեմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման պատկառելի ներուժը դեռ ամբողջությամբ իրացված չէ, քանի որ էլեկտրոնային ծառայություններից օգտվողների թիվը դեռևս փոքր է: Այս առումով մենք դեռ անելիքներ ունենք:
Հարգելի՛ մասնակիցներ,
«Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը՝ Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության հաջողված նախաձեռնություններից է: Հայաստանի կառավարությունը հստակ քայլեր է ձեռնարկում էլեկտրոնային հասարակության զարգացման ուղղությամբ, և այս գործում մենք բարձր ենք գնահատում Եվրոպական միության և այլ դոնորների աջակցությունը: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպություններին, ընկերություններին և փորձագետներին՝ այս ծրագրի իրականացման ուղղությամբ ներդրված ջանքերի և նշանակալի արդյունքների հասնելու համար»:
Այնուհետև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը հանդես է եկել «Էլեկտրոնային պատրաստություն-2014» զեկույցով, որում ներկայացրել է Հայաստանում տեղեկատվական հասարակության զարգացման ներկայիս մակարդակը, էլեկտրոնային ծառայությունների արդի զարգացումները մեր երկրում, ինչպես նաև ապագա ձեռնարկվող քայլերը: Համաժողովին մասնակցող եվրոպացի փորձագետներն էլ իրենց զեկույցներում անդրադարձել են Եվրոպայում էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային ժողովրդավարության զարգացումներին: Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել է նաև «e-citizen.am» էլեկտրոնային պորտալը:
«Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը մեկնարկել է 2012 թ. (տևողությունը` 24 ամիս): Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, արժեքը 1.4 մլն եվրո է:
Նմանատիպ նյութեր
1289 դիտում
20:58 24-09-2019
Տեղի է ունեցել «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի «էլեկտրոնային գրադարան» բաժնի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1867 դիտում
18:04 11-10-2024
Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Այս բաժնից
1030 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1003 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
934 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր