211652_close_icon
views-count1893 դիտում article-date 18:57 19-12-2014

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ջոն Հեֆերնին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի ու ակտիվ համագործակցության համար եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել դեսպանի անձնական ներդրումը հայ-ամերիկյան կապերի սերտացման եւ համատեղ ծրագրերի իրականացման գործում, ինչի արդյունքում երկկողմ հարաբերություններում էական առաջընթաց է արձանագրվել: Կառավարության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն կարեւոր գործընկեր է մեր երկրի համար, եւ Հայաստանը բարձր է գնահատում անկախության հռչակումից ի վեր ԱՄՆ-ի կառավարության կողմից շարունակական ֆինանսական եւ տեխնիկական օժանդակության տրամադրումը: Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին կառուցողական համագործակցության համար, արդյունավետ համարել մեր երկրում պաշտոնավարման տարիները եւ նշել, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամն ու սիրով կպահպանի կապերը մեր երկրի ու ժողովրդի հետ: Ջոն Հեֆերնը համոզմունք է հայտնել, որ հայ-ամերիկյան կապերն այսուհետ եւս դինամիկ կզարգանան` ընդգծելով, որ ԱՄՆ-ն կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման, ինչպես նաեւ ընթացիկ ծրագրերի շուրջ:

Նմանատիպ նյութեր