211652_close_icon
views-count1754 դիտում article-date 13:07 22-12-2014

Նախագահը ներկա է գտնվել պետական բժշկական համալսարանում բացված ուսումնական սիմուլյացիոն կենտրոնի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական սիմուլյացիոն կենտրոնի բացմանը: Սերժ Սարգսյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի նորաբաց այդ կենտրոնում, ծանոթացել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում հիմնված կենտրոնի հնարավորություններին: Կրթության և գիտության նախարարը ներկայացրել է Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքն ու գործունեության ուղղությունները: Նա նշել է, որ նորաբաց սիմուլյացիոն կենտրոնի միջոցով Երևանի պետական բժշկական համալսարանի կրթական համակարգում ներդրվում է բժշկական կրթության նոր մեթոդ՝ սիմուլյացիոն ուսուցում: Այսպիսի նորարարական կրթական մեթոդի ներմուծումը բժշկական կրթության թե՛ բուհական, թե՛ հետբուհական, ինչպես նաև շարունակական կրթության փուլերում թույլ է տալիս զարգացնել ուսանողների գործնական հմտությունները և պակասեցնել բժշկական սխալների քանակը մասնագիտական գործունեության ընթացքում: Նորարարական ծրագիրն, ընդհանուր առմամբ, ուղղված է բժշկական կրթության որակի և արդյունավետության էական բարելավմանը: Սիմուլյացիոն կենտրոնը ներառում է չորս հիմնական ուղղություններ` կլինիկական հմտություններ, վերակենդանացում, վիրաբուժություն և մանկաբարձություն, գինեկոլոգիա: Կենտրոնը համալրված է համապատասխան մուլյաժներով, շարժասարքերով և կրթական ծրագրեր պարունակող համակարգիչներով: ԵՊԲՀ-ի կողմից վերանայվել են կրթական ծրագրերը, իրականացվել են վերապատրաստման դասընթացներ: Սիմուլյացիոն ուսուցման լիարժեք ներդրումը ԵՊԲՀ-ում նախատեսվում է 2015 թվականի փետրվարից: Պատասխանատուների հավաստմամբ, անհրաժեշտության դեպքում, ծրագրի ավարտից հետո կստեղծվի նաև առանձին դասընթաց՝ հեռավար ուսուցման ձևով, որը համալսարանի վեբկայքի միջոցով հասանելի կլինի այլ շահառուների ևս: Դասախոսների և կենտրոնի աշխատակիցների համար նախատեսվում է պարբերաբար կազմակերպել հատուկ վերապատրաստման դասընթացներ՝ այս ոլորտում միջազգային փորձի ներդրման և բարեփոխումների լավագույն արդյունքն ապահովելու համար:

Նմանատիպ նյութեր