211652_close_icon
views-count6116 դիտում article-date 13:13 05-06-2017

ՀՀ նախագահը ներկա է գտնվել Պոլիտեխնիկական համալսարանում Գերազանցության կենտրոնի բացմանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ներկա է գտնվել Գերազանցության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ Կենտրոնը ստեղծվել է աշխարհահռչակ ֆրանսիական «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության և ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի համատեղ ջանքերով: Գերազանցության կենտրոնը Երևանում բացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և ֆրանսիական կազմակերպության միջև Փարիզում համագործակցության հուշագրի ստորագրումից երեք ամիս անց, որը տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի 08.03.2017 թվականին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում՝ Հանրապետության Նախագահի ներկայությամբ: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի, ԱՊՀ երկրներում «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության նախագահ Յոհան Վանդերպլայետսի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի, պաշտոնատար այլ անձանց և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նորաբաց կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին, ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներով կենտրոնի հնարավորություններին: Այն կառուցվել է պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա և «Շնեյդեր էլեկտրիկ»-ի ու ազգային գիտական համայնքի սերտ համագործակցության առաջին փորձերից մեկը կդառնա: Պատասխանատուների հավաստմամբ, տասնյակ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ հնարավորություն կունենան հմտություններ զարգացնել և ծանոթանալ էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին: Նորաբաց կենտրոնը օգտակար կլինի նաև էլեկտրամատակարարման ոլորտի կայացած աշխատակիցների համար։ Կենտրոնի բացման շրջանակներում տեղի է ունեցել նաև «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչների միջև քառակողմ համաձայնագրի ստորագրման արարողությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր