211652_close_icon
views-count1000 դիտում article-date 16:35 25-12-2014

Խրախուսվում են ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշմամբ «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գրազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2017թ. դեկտեմբերի 8-ը: Ընկերությունը հիմնադրվել է 2004թ.-ին՝ Արզնու բյուրեղապակու գործարանի հիմքի վրա: Երկու տարում գործարանը վերակառուցվել և վերազինվել է ժամանակակից սարքավորումներով և հոսքագծերով: Այժմ ընկերությունը նախատեսում է իրագործել ևս մեկ ծրագիր՝ ներդնելով շուրջ 216 մլն դրամի սարքավորում, որի ԱԱՀ գումարի վճարումը երեք տարով կհետաձգվի: Մեկ այլ որոշմամբ երեք տարով երկարաձգվել է Բյուրականի ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան աստղադիտարանի ներմուծած դիտողական մոդուլի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Նշված սարքավորման օգնությամբ աստղադիտարանը ՌԴ «Ռոսկոսմոս» գործակալության հետ համատեղ իրականացնում է դիտողական ծրագիր, որի նպատակն է երկրամերձ տիեզերական տարածքում հայտնաբերել անտրոպոգեն և բնական սպառնալիքները, այդ թվում՝ հին տիեզերանավերի բեկորները: Կառավարությունը հաստատել է «Վտանգավոր տարածքից բնակչության տարհանման կարգը հաստատելու մասին» իր նախկին որոշման փոփոխությունները, որոնցով սահմանվում է ռազմական դրության և արտակարգ իրավիճակի ժամանակ վտանգավոր տարածքից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարհանման գործուն կարգ: Նիստում հավանություն է տրվել ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2015-2019 թվականների գերակայություններին: Ակնկալվում է այդ ընթացքում իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերն ու թեմաներն համապատասխանեցնել երկրի գիտական ներուժի եղած հնարավորություններին, գիտության և տեխնիկայի զարգացման համաշխարհային միտումներին: Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգին՝ ուժը կորցրած ճանաչելով իր նախկին համապատասխան որոշումը:

Նմանատիպ նյութեր