211652_close_icon
views-count1213 դիտում article-date 08:18 27-12-2014

Մեր բոլոր պրոբլեմների լուծման բանալին. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթի այսօրվա առաջնորդողում կարդում ենք. «Ահա անցավ ևս մեկ տարի: Եվ չնայած տարին չափազանց ծանր էր, չնայած եկող տարին խոստանում է նույնպես բարդ լինել մեծ է ցանկությունը 2014 թվականը ամփոփել դրական ասելիքով: Շատերը կասեն, որ մեր երկրում դրական բաների առատություն չկա. եթե չասենք. որ խիստ դեֆիցիտ է։ Սա իրոք այդպես է, բայց հերթական տարին ու նրա վերլուծությունը պետք է ստիպեն ի վերջո հասկանալ և արձանագրել, որ մեր բոլոր պրոբլեմները և լուծումները մեր մեջ են, ավելի կոնկրետ մեր մտածողության մեջ, նրա մեջ, թե ինչպես ենք մենք ընկալում մեզ շրջապատող իրականությունը, ինքներս մեզ: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի հարցերի հարցը հետեյալն է. իսկ ո՞րն է լուծումը, կա՞ արդյոք հույս, որ այս ամենը կփոխվի: Եթե հույս կա, ո՞րն է այդ հույսը և ինչի՞ մեջ: Հարցի նրբությունն այն է, որ անհրաժեշտ է գտնել այնպիսի պատասխան, որ բոլորի համար ընդունելի լինի, բոլորի համար անկախ քաղաքական հայացքներից, զբաղմունքից ու հանրային դիրքից: Բարեբախտությունն այն է, որ այդպիսի պատասխան գոյություն ունի: Եվ ուրեմն, մեր բոլոր պրոբլեմների լուծման բանալին մեկն է. կրթությունը: Տնտեսություն, քաղաքականություն, աղքատություն, արտաքին քաղաքականություն, բանակ, ոստիկանություն, դատաիրավական համակարգ, հանրային հարաբերություններ: Այս բոլոր ոլորտներում պրոբլեմների լուծումը մեկն է. կրթություն: Ընդ որում սա ասելով նկատի ունենք ոչ միայն այն, որ երեխաները դպրոցում, ուսանողները բուհերում պետք է լավ կրթություն ստանան: Սա ինքնին պարզ է: Սովորելու այս շարունակական պրոցեսը պիտի վերաբերի նաև հանրության բոլոր շերտերին, նաև նրանց, ովքեր վաղուց ավարտել են կրթության ֆորմալ փուլը և ստացել դիպլոմներ: Բոլորը լրագրողներ քաղաքական գործիչներ, պատգամավորներ, ուսուցիչներ, վարորդներ, դասախոսներ, գիտնականներ, նախարարներ, դատախազներ, ոստիկաններ բոլորն առանց բացառության, պետք է սովորեն, անընդհատ սովորեն, և սա է այսօրվա վիճակը հաղթահարելու հաստատուն ճանապարհը: Մեր բարդությունները ծագել են այն պատճառով, որ մենք վաղուց դադարել ենք սովորել, բարձրացնել մեր իմացության մակարդակը ինչպես մեր մասնագիտական, այնպես էլ աշխարհը, ինքներս մեզ, պատմությունը, արվեստը ճանաչելու իմաստով: Ի վերջո, մենք պետք է սովորենք նաև մեր սեփական սխալների պատմությունը և դասեր քաղենք մեր պատմությունից, մեր իրականությունից, մեր կենսագրությունից որպես ազգ, որպես պետություն, որպես հանրություն: 2015-ը թող մեզ համար դառնա կրթության, սովորելու, այսինքն պրոբլեմները հաղթահարելու և պրոբլեմներից չվախենալու տարի: Եվ ամանորյա սեղանների առաջ ի վերջո եկեք հիշենք, որ կրթությունը միակ բանն է, որի վրա չարժե խնայել ոչ մի կոպեկ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»:

Նմանատիպ նյութեր