211652_close_icon
views-count1135 դիտում article-date 23:17 27-12-2014

Կենաց ծառի պաշտամունքը Հայոց և Հին Արևելքի ժողովուրդների պատկերացումներում

Կենաց կամ տիեզերական ծառը դիցապաշտամունքային խորը իմաստ է իր մեջ պարունակում: Այս աստվածային ծառը խորհրդանշում էր ստորերկրյա թագավորությունը կամ անդրաշխարհը, երկիրը և երկինքը, ըստ այդմ էլ համապատասխանաբար ծառի արմատները գտնվում են երկրի ընդերքում, ծառի բունը՝ երկրի վրա, իսկ ճյուղերը՝ երկնքում: Կենաց ծառը հին ժողովուրդների՝ հայերի, հին եգիպտացիների, շումերների, աքքադացիների, հին իրանցիների, ասորա-բաբելոնական հավատալիքային համակարգում շատ մեծ տեղ է գրավել: Այն մեծապես կապված է եղել նստակեցության, երկրագործության զարգացման և պտղաբերության ավանդույթների հետ: Տարբեր ժողովուրդների կյանքում տարբեր են եղել կենաց ծառի մասին պատկերացումները: Աստվածաշնչի համաձայն կենաց ծառը եղել է այն բարու և չարի իմացության կամ ճշմարտության ծառը, որի պտուղները Աստծո կամքին հակառակ ճաշակեցին Ադամն ու Եվան, Իրանում ըստ առասպելի կենաց ծառը տնկել է գլխավոր աստված Ահուրամազդան, որը ծառի միջով հետ է մղել չար ուժերին: Ինչպես տեսանք տարբեր պատկերացումներ են եղել կենաց ծառի մասին, սակայն խորհուրդը ենթագիտակցորեն նույնն է մնում: Այն խորհրդանշում է կյանքի աստիճանական զարգացումը, որը բացատրվում է ծառի արմատակալումից մինչև մեծանալու, ճյուղակալման ու պտղաբերման ընթացքով: Եվ ի վերջո ծառի հիմնական գաղափարը դա հավերժություն էր: Արևելքի ժողովուրդների պատկերացմամբ կենաց ծառը տալիս էր տասներկու պտուղ, որոնք խորհրդանշել են տարվա տասներկու ամիսները: Որպես կենաց ծառ ընկալվել են ուռենին, թթենին, արմավենին, թզենին, խնձորենին, իսկ հայոց մեջ՝ ծիրանենին և նռնենին: Նման ծառերի պատկերներ են պահպանվել հին հայոց ձեռագիր մատյանների լուսանցքներում, մեդալիոնների վրա, հին շումերական սալիկների վրա, աքեմենյան արքաների պալատների որմնաքանդակներում, հինարևելյան դրամներում: Ծառի մասին շատ են խոսել նաև Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Գրիգոր Տաթևացին և այլք: Հայկական պատկերացումների համաձայն կենաց ծառ կարող են համարվել միայն նռնենին և ծիրանենին: Այս երկուսից թերևս վճռորոշ դերը պատկանում է ծիրանենուն բազմաթիվ պատճառներով. Ծիրան բառը միանգամայն հայկական ծագում ունի և նշանակում է տիեզերական պտուղ, այստեղից էլ այն, որ ծիրանենին ստանում է պետական և արքայական իմաստ: Ծիրանանալ հայոց լեզվում նշանակում է թագավոր դառնալ թագադրվել, արքայանալ: Իսկ ծիրանածնունդ, կամ ծիրանածին նշանակում է արքայազն, թագավորածին: Տեղին է նշել նաև ծիրանակիր բառը, որը նշանակում է արքա, և ծիրանի գոտի, որը նշանակում է երկնքի յոթ կամար, կամ ծիածան: Ծիրանի պետական իմաստի մասին են վկայում նաև այն փաստերը, որ աքքադացիները մեր միրգն անվանել են Արմանու՝ այսինքն հայկական, իսկ իրեն աշխարհի չորս կողմերի տիրակալ համարող Աքքադի արքա Նարամսուենը Հայաստանն անվանում է Արմանոփ, որը նշանակում է Ծիրանեաց երկիր: Արաբները ծիրանն անվանում են թուֆալ ալ Արմանի՝ կրկին հայկական մրգի և պետականության իմաստով և ի վերջո հռոմեացի պատմիչ Պլինիուս Ավագն այն անվանում է fructus armeniaka: Այստեղից էլ հին ազգերը Հայաստանն անվանում են աստվածների երկիր, որտեղ վեր է խոյանում Տիեզերական լեռը՝ Արարատը և աճում է Տիեզերական ծառը՝ ծիրանենին: Եվ վերջում ավելացնենք, որ հայկական մրգերից միայն ծիրանն է երկու մասին բաժանվում հեշտությամբ և միայն ծիրանի փայտից են պատրաստում ծիրանափողը՝ դուդուկը, որով նվագում են աստվածային երաշժտություն: Աղբյուրը` [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1544734109102974&id=1377039162539137&substory_index=0]Հայագիտություն Armenian studies[/url] ֆեյսբուքյան էջ:

Նմանատիպ նյութեր