211652_close_icon
views-count703 դիտում article-date 17:59 29-12-2014

Թո՛ղ մեր յուրաքանչյուր խոսքում եւ գործում լինի սերը, հույսն ու հավատը. Հովիկ Աբրահամյան

Ինչպես արդեն [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/29/38796/]տեղկացրել էինք[/url], վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր` դեկտեմբերի 29-ին, Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունելության էր հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Ներկաներին ուղղված վարչապետի շնորհավորանքի խոսքը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ստորեւ. «Ուրախ եմ կրկին հյուրընկալելու ձեզ՝ այս անգամ արդեն որպես կառավարության ղեկավար։ Մշտապես ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ. մենք միասին մեկ ընդհանուր գործ ենք անում, որովհետեւ ունենք միասնական նպատակ եւ երազանք՝ ունենալ արդար, զարգացող եւ ժողովրդավար պետություն, կառուցել բարեկեցիկ հասարակություն, որի քաղաքացի լինելը պատիվ լինի յուրաքանչյուրի համար։ Ես վստահ եմ, որ իրենց գործին անմնացորդ նվիրված լրագրողների հավատամքը դա է։ Հարգելի լրագրողներ, ձեր գործիքը բառն է եւ խոսքը։ Իմ գնահատմամբ՝ ամենահզոր եւ ազդեցիկ զենքը։ Ես մի առիթով արդեն ասել եմ. բառը, խոսքը կարող է պաշտպանել արդարությունը, ազատությունն ու մարդու իրավունքը, բայց, միեւնույն ժամանակ, չփաստարկված ու անպատասխանատու բառը կարող է գործել ամենամեծ անարդարությունը։ Այո´, անաչառ տեղեկատվությունը, գրագետ ու ճշմարիտ խոսքը յուրաքանչյուր պրոֆեսիոնալ լրատվամիջոցի ուժն է։ Ես չէ, որ պիտի ասեմ՝ հանրային կարծիք կարող է ձեւավորել բացառապես եւ միայն ճշմարիտ, արդար ու փաստարկված տեղեկատվությունը, վերլուծությունն ու գնահատականը։ Չորրորդ իշխանությունը մեր նորանկախ երկրի կարեւորագույն նվաճումներից է, եւ ես հպարտ եմ, որ մենք այսօր ունենք իրապես կայացած լրատվամիջոցներ, որոնք թիկունքից չեն հարվածում, այլ խոսում են բաց եւ միմիայն փաստերի լեզվով։ Հարգելի ներկաներ, ես հարգում եւ գնահատում եմ ձեր աշխատանքը, աշխատանքը բոլոր այն լրատվամիջոցների, որոնք գիտեն իրենց խոսքի արժեքը։ Խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, եւ ուժեղ է այն պետությունը, որն ունի արդարամիտ չորրորդ իշխանություն։ Ես անչափ կարեւորում ու գնահատում եմ մեր համատեղ աշխատանքը, եւ վստահ եմ, որ այն շարունակվելու է փոխադարձ հարգանքի եւ միմյանց օգնելու մթնոլորտում։ Հայտնի դասականն ասում էր. «Անաչառ եւ փաստարկված քննադատությունն արյան ճիշտ շրջանառությունն է։ Առանց անաչառ քննադատության լճացումն ու սխալներն անխուսափելի են»։ Կարծում եմ՝ ավելի ճշգրիտ հնարավոր չէ ասել։ Հարգելի լրագրողներ,կրկին շնորհավորում եմ ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ լրագրողական խիզախություն՝ ասելու եւ պաշտպանելու ճշմարտությունը: Թո՛ղ մեր յուրաքանչյուր խոսքում եւ գործում լինի սերը, հույսն ու հավատը: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»: ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչներ ՀՀ կառավարության հետ ակտիվ եւ արդյունավետ համագործակցության համար պարգեւատրվել են ՀՀ վարչապետի հուշանվերով` անվանական ժամացույցով, ինչպես նաեւ խրախուսվել ՀՀ վարչապետի շնորհակալագրով՝ ՀՀ կառավարության գործունեությունը մշտապես լուսաբանելու եւ ակտիվ համագործակցության համար:

Նմանատիպ նյութեր