211652_close_icon
views-count14874 դիտում article-date 11:25 30-12-2014

Ավազակային հարձակում՝ Կոտայքի մարզում. ստահակները տարել էին անգամ կնոջ 5 կգ խոզի միսը, իսկ նրան էլ թողել Պառկած աղջկա արձանի մոտ

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցի բնակչուհի , 56-ամյա Հասմիկ Սաֆարյանը և հայտնել, որ նախորդ օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, տուն գնալու ժամանակ իրենց շենքի մոտ անհայտ անձը գաղտագողի բռնել է իրեն, փակել դեմքը և այնուհետ բռնի ուժով իրեն տարել և նստեցրել մուտքի մոտ կայանված ավտոմեքենայի մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենից հետո ստահակը մեկ այլ անծանոթ անձի օգնությամբ ավտոմեքենայով շարժվել են շենքի մոտից: Արդեն ավտոմեքենայի մեջ կպչուն ժապավենով կապել են կնոջ ձեռքերը, գլխին հագցրել պարկ ու հարվածելով, հայհոյելով և սպառնալիքներ տալով, նրանից գումար են պահանջել և նրա տան բանալիները: Հետո կնոջ մոտից վերցրել են նրա ոսկյա մատանին, պայուսակը, որի մեջ եղել է 10,000 դրամ, 3 բջջային հեռախոսները և Ամանորի համար կնոջ կողմից գնված 5 կգ խոզի միսը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրենց «սև գործն» անելուց հետո նրանք կնոջը կապած վիճակում տարել և թողել են Երևան-Սևան ավտոմայրուղու «Պառկած աղջկա» արձանի մոտ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Հրազդանի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ Հ. Սաֆարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ստահակներից մեկը եղել է դիմակավորված: Ոստիկանությունը և քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց և նրանց տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր