211652_close_icon
views-count11332 դիտում article-date 18:23 18-01-2015

Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մեղավորները կպատժվեն. Վլադիմիր Պուտին

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Ռուսաստանի Նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին և ամբողջ հայ ժողովրդին։ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ կիրականացվի համակողմանի արդյունավետ քննություն, և մեղավորները կկրեն օրենքով նախատեսված պատիժը։ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները ակտիվորեն շարունակելու են դեպքի բոլոր հանգամանքների լիարժեք բացահայտմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները: Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները կարևորել են այս հարցում երկու երկրների իրավապահ մարմինների առավելագույն սերտ համագործակցությունը: ՌԴ Նախագահը հույս է հայտնել, որ հայ և ռուս լավագույն բժիշկների ջանքերի արդյունքում Ավետիսյանների ընտանիքից ողջ մնացած միակ անդամը՝ վեցամսյա Սերյոժա Ավետիսյանը, կապաքինվի։ Վլադիմիր Պուտինը նաև պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան հատուկ բժշկական ինքնաթիռ ուղարկելու՝ երեխայի հետագա բուժումը շարունակելու նպատակով նրան Մոսկվա տեղափոխելու համար։ Նախագահներ Սարգսյանը և Պուտինը քննարկել են նաև հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Ինչպես ավելի վաղ Գյումրիից [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 12-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Մահացածներից 2-ը տղամարդ էին, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր:

Նմանատիպ նյութեր