211652_close_icon
views-count788 դիտում article-date 11:11 22-01-2015

ՌԴ-ն առաջիկայում չի կարող լուրջ միջոցներ ներդնել եվրասիական պրոյեկտների զարգացման համար. Նեչաև.168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է, որ ըստ ՌԴ «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության ղեկավար, 1992-1993թթ. ՌԴ Էկոնոմիկայի նախարար Անդրեյ Նեչաևի ՝ Ռուսաստանն առաջիկայում չի կարող լուրջ միջոցներ ներդնել եվրասիական պրոյեկտների զարգացման համար: ՌԴ Էկոնոմիկայի նախկին նախարար Անդրեյ Նեչաևը թերթին տված հարցազրույցում անդրադարձել է ՌԴ տնտեսական ճգնաժամի պայմաններում Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների ճակատագրին: Նա ցավով արձանագրել է , որ շատ դեպքերում ՌԴ-ում քաղաքական որոշումները չեն հիմնվում տնտեսական իրողությունների և տնտեսական հետևանքների վրա: Որպես օրինակ՝ նախկին նախարարը հիշեցրել է ՌԴ քաղաքականությունը, որը հանգեցրել է արևմտյան պատժամիջոցներին: Նա ասել է՝ «Ուստի քաղաքական և հեղինակության գաղափարներից ելնելով` կարծում եմ, որ ՌԴ իշխանությունները կշարունակեն զարգացնել այս պրոյեկտները, բայց այդ ինտեգրացիայի մյուս մասնակիցների ֆինանսավորման մասշտաբները կնվազեցվեն, քանի որ ներկայումս Ռուսաստանը կանգնած է ծանր ընտրության առջև: Կանխատեսումների համաձայն` հարկերը բարձրացնել չի կարելի, ֆոնդերը կբավարարեն ամենաշատը մի քանի տարի: Ուստի բյուջետային ծախսերը պետք է նվազեցնել: Իսկ դա պետական տարբեր մարմինների միջև ծանր պայքարի պատճառ է դարձել, քննարկվում է, թե ո՞ր ոլորտի ծախսերը պետք է կրճատվեն, քանի որ սոցիալական ծախսերը չի կարելի կրճատել` քաղաքականապես ձեռնտու չէ, ռազմական, իրավապահ մարմինների ծախսերի կրճատումը նպատակահարմար չեն համարում լոբբիստները: Այս ամենի հետ մեկտեղ՝ ՌԴ իշխանությունները պետք է հավելյալ միջոցներ ներդնեն տնտեսության մեջ, որպեսզի ճգնաժամն էլ ավելի չխորանա: Այսօր այս ամենի շուրջ թեժ քննարկումներ ու պայքար է ընթանում»: Նեչաևը նաև հավելել է, որ այդ նախագծերի վրա ծախսերը շատ մեծ չեն ներկայումս, ուստի ՌԴ իշխանությունների համար այս հարցի առաջնահերթությունից ելնելով՝ ՌԴ բյուջեն այս հարցը կհաղթահարի: Սակայն, նրա համոզմամբ, այդ պրոյեկտների լուրջ ֆինանսավորում, միասնական նախագծերի իրականացում առաջիկա ժամանակահատվածում պետք չէ սպասել: Հարցազրույցն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր