211652_close_icon
views-count789 դիտում article-date 18:46 22-01-2015

Դրական միտում՝ պատահարների վիճակագրությունում

Հունվարի 22-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն էր ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Հանդիպման հիմնական թեման անցյալ տարի գրանցված արտակարգ դեպքերի վիճակագրությունն էր և մարդուն հրատապ օգնության «911» ծառայության զարգացման հեռանկարները: Իր խոսքում Հ. Խանգելդյանն ընդգծեց, որ ճգնաժամային կառավարման կենտրոնում արձանագրված արտակարգ պատահարների վիճակագրության մեջ կա դրական միտում. - Անցյալ տարվա ընթացքում ունեցել ենք տարբեր բնույթի 12076 դեպք (2013-ին` 11091 դեպք), որոնցում հիմնական մասնաբաժինը կազմել են հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումները: Սակայն 2013 թ. համեմատությամբ` 2014 թ. նվազել է տարբեր պատահարներից զոհերի թիվը: Համապատասխանաբար` 2013 թ. եղել է 615 զոհ, 8647 վիրավոր, իսկ 2014 թ.` 591 զոհ և 8934 վիրավոր: Անցյալ տարվա համեմատ նվազել է նաև Ամանորի տոնական օրերին գրանցված պատահարների, ինչպես նաև զոհերի ու տուժածների թիվը. - Տոնական օրերն աչքի են ընկել արգելափակման մեջ հայտնված մեքենաների առատությամբ: Այդ ընթացքում արգելափակումից դուրս է բերվել 300-ից ավելի տարբեր տրանսպորտային միջոց և շատ լավ համագործակցություն է եղել ոստիկանության և Ճանշին-ի հետ: Անդրադառնալով տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորմանը` ՃԿԿ պետը նշեց, որ դա կնպաստի մի շարք գործառույթների կենտրոնացված կառավարմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Գնդապետ Խանգելդյանը լրագրողներին հայտնեց, որ 2014 թ. ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 1.464.000 զանգ, որը 7.3 տոկոսով կամ 99.000-ով ավելի է, քան 2013 թվականին, և այդ զանգերից ոչ մեկն առանց արձագանք չի մնացել:

Նմանատիպ նյութեր