Արագածոտնի մարզի բուժաշխատողները վերապատրաստում կանցնեն
Արագածոտնի մարզպետարանի եւ Միքայելյան վիրաբուժական ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ փետրվարի 11-ին տեղի ունեցավ արտագնա նիստ: Մարզի ավելի քան 100 բժիշկների համար վիրաբուժության ոլորտին առնչվող նեղ մասնագիտական թեմաներով օգտակար եւ ուսուցողական զեկուցումներ կարդացին ինստիտուտի լավագույն մասնագետները:
Կողմերի միջեւ ստորագրվելու է համագործակցության պայմանագիր: Փաստաթուղթը ներառելու է ինստիտուտի լավագույն մասնագետների կողմից մարզում գիտակրթական միջոցառումների, կոնֆերանսների, սեմինարների, կլոր սեղանների կազմակերպում: Լավագույն մասնագետները պարբերաբար կայցելեն մարզի բուժհաստատություններ, հետազոտություններ, խորհրդատվություն կիրականացնեն, անհրաժեշտության դեպքում կկատարեն վիրահատություններ, իրենց մասնագիտական գիտելիքներն ու փորձը կփոխանցեն տեղի գործընկերներին:
Պայմանագրում ամրագրվում է նաեւ, որ մարզի բուժաշխատողները հնարավորություն կստանան Միքայելյան վիրաբուժական ինստիտուտում անցնելու վերապատրաստման եւ ուսուցման դասընթացներ: