211652_close_icon
views-count1049 դիտում article-date 18:17 12-02-2015

ՀՀ վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը եւ ՀՀ ներկայիս տնտեսական իրավիճակին ու զարգացման միտումներին, ինչպես նաեւ հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը նշել է, որ 2014 թ. շարունակվել է տնտեսության զարգացման աճի միտումը, եւ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.9 տոկոսով (ծառայությունների, գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտներ): Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շարունակելու է քայլերը եւ բարեփոխումները՝ տնտեսական աճի ապահովման, գործարար միջավայրի բարելավման, արտահանման խթանման եւ ներդրումների ներգրավման ուղղությամբ: Մարկ Հորթոնը կարեւորել է տնտեսական աճի ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումների շարունակականությունը՝ մարտահրավերներին դիմակայելու եւ նախատեսված բարեփոխումները կյանքի կոչելու գործում: Կողմերն անդրադարձել են ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF)/«Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերին եւ քննարկել դրանց շրջանակում տնտեսության աջակցման ծրագրերի իրականացման հեռանկարները, ԱՄՀ-ի կողմից լրացուցիչ օժանդակության հնարավորությունները: Հանդիպմանն արծարծվել են նաեւ ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթություններին, հարկային ու մաքսային վարչարարությանը եւ երկկողմ փոխգործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր