Տեառնընդառաջի տոնը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. լուսանկարներ
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց 40-օրյա մանուկ Հիսուսի` տաճարին ընծայման տոնը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում կատարվեց նախատոնակ, տեղի ունեցավ նաև այս տարվա անդրանիկ անդաստանի կարգը, որի ժամանակ օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:
Այնուհետև Տաճարի Իջման Ս. Սեղանից Ամենայն Հայոց Հայրապետի ձեռամբ վառված մոմը հանդիսավոր թափորով առաջնորդվեց դեպի Գևորգյան հոգևոր ճեմարանի շրջափակ, ուր վառվեց աստվածային լույսը խորհրդանշող մեծ խարույկը:
Մայր Աթոռի միաբանների և Գևորգյան Հոգևոր ճեմարանի սաների կողմից կատարվեցին տոնին նվիրված շարականներ ու ազգային երգեր, իսկ արարողությանը ներկա հավատավոր ժողովուրդը խարույկից վառված ճրագները տարան իրենց օջախները:
Իսկ փետրվարի 14-ին Մայր Տաճարում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ:
Սուրբ Պատարագի ավարտին Մայր Տաճարում Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի նախագահությամբ կատարվեց նորապսակ զույգերի օրհնության արարողություն, որին մասնակցեցին նաև նորապսակ միաբան սարկավագները: