211652_close_icon
views-count1151 դիտում article-date 14:19 16-02-2015

Սոցիալական աջակցության ծրագրեր՝ Չինարիում

Փետրվարի 15-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու կամավորները սահմանամերձ Չինարի գյուղում էին։ Նրանք այցելել էին Գևորգ Պետրոսյանի երիտասարդ ընտանիքին։ Գևորգ Պետրոսյանը երկու երեխաների հայր է, նրանցից մեկը՝ նորածին։ Նրա տունը գտնվում է հակառակորդի դիրքերին դեմ-հանդիման՝ մշտական կրակի տակ։ Ուստի Պետրոսյանները ստիպված թողել են իրենց տունը և տեղափոխվել հարազատներից մեկի ավելի ապահով բնակարան։ Գևորգ Պետրոսյանը հորը վաղուց է կորցրել, դժվարություններով է մեծացել` անչափահաս տարիքից հովվություն, հնարավոր ու անհնար ամեն գործ անելով, ուսում է ստացել, ընտանիք կազմել։ Այժմ աշխատում է Չինարիի գյուղապետարանում։ ՀԵՀ-ը Գևորգ Պետրոսյանի ընտանիքին այցելել էր սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում։ ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կարեն Իսկանդարյանը տեղեկացրեց, որ ՀԵՀ կամավորները բարեգործական ակցիայի շրջանակներում ձեռք են բերել նաև բավականին քանակությամբ նոր տաք հագուստ, որն էլ հանձնվել է Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանին՝ համագյուղացիներին փոխանցելու համար։ Կարեն Իսկանդարյանը նշում է, որ իրենք հաճախ են լինում սահմանապահ համայնքներում` հասկանալու այդտեղ առկա խնդիրներն ու դրանց հնարավորության սահմաններում լուծում տալու համար։ ՀԵՀ ներկայացուցիչը նաև նկատում է, որ չինարեցին կանգնած է զինծառայողների կողքին, և մի զինվոր էլ նա է։ Կարեն Իսկանդարյանը մեջբերում է գյուղապետ Սամվել Սաղոյանի խոսքերը. «Հայրենիքը սկսվում է ոչ միայն Չինարիից, այլև այն սիրելուց. չսիրողի համար հայրենիքը չեղած կատեգորիա է»։ Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սոցիալական աջակցության նախաձեռնությունները Չինարիում այսքանով չեն սահմանափակվում։ Հիմնադրամն այս ուսումնական կիսամյակում ՀՀ կառավարության և ԿԳՆ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում կփոխհատուցի Չինարիում և մի շարք այլ սահմանամերձ համայնքներում բնակվող ուսանողների ուսման վարձը։ [img]/ups/images/0900535001424072182894147.jpg[/img]

Նմանատիպ նյութեր