8279 դիտում
15:01 17-02-2015
Սևանա լճի ջրային հաշվեկշռի տարրերի և մակարդակի փոփոխության դինամիկան 2002-2014թթ.
Վերջին շրջանում լրատվական մի շարք կայքերում ներկայացվում են հոդվածներ Սևանա լճի մակարդակի փոփոխությունների, լճի ջրատնտեսական հաշվեկշռային բաղադրիչների մեծությունների, լճի մակարդակի կանխատեսումների վերաբերյալ, որոնք հիմնավորված չեն, հաշվարկված են անհասկանալի մեթոդաբանություններով և օգտագործված տվյալների մեծ մասն աղավաղված են, և շրջված հեղինակների ցանկալի ուղղությամբ, արդյունքում ներկայացված նյութերը իրականության հետ ընդհանրապես կապ չունեն:
ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հանդիսանալով լճի հիմնախնդրով մտահոգ հաստատություն և որպես լճի ավազանում մոնիտորինգ իրականացնող կառույց չի զբաղվում հիդրոլոգիական որևէ բնութագրիչի, մասնավորոպես Սևանա լճի մակարդակների, լիճ մուտք գործած և լճից բաց թողնված ջրի քանակների վերաբերյալ դիտարկված տվյալների կոծկմամբ կամ այլ կամայական տվյալների ներկայացմամբ և հանրությանը չի ներկայացնում տեսականորեն հաշվարկված թվեր: Նշեմ ավելին, Սևանա լճից բաց թողնվող և Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործող ջրի դիտարկումների համակարգը զինված է գերժամանակակից սարքավորումներով, հետևաբար, ոչ մի կարիք չկա դիտարկումների արդյունքում ստացված որևէ թիվ տեսականորեն հաշվարկելու և ներկայացնելու, քանի որ կա այդ բաղադրիչների հստակ փաստացի արժեքը:
Սևանա լճի մակարդակի փոփոխությունը պայմանավորված է ջրային հաշվեկշռի բաղադրիչների մեծություններով, որն էլ իր հերթին կախված է տարվա հիդրոլոգիական և եղանակակլիմայական պայմաններից: Այժմ ներկայացնեմ ըստ տարիների 2002-2014թթ. մակարդակի փոփոխությունը պայմանավորող այդ բաղադրիչների արժեքները: Հաջորդող երկու գրաֆիկներում կարելի է տեսնել լճի ջրատնտեսական հաշվեկշռի բաղադրիչների՝ իրենց նորմաների նկատմամբ ունեցած շեղումները 2002-2014թթ. համար և մուտքի ու ելքի բաղադրիչների գումարային մեծությունների փոխհարաբերությունները:
[img]/ups/images/0260521001424160717240966.jpg[/img]
2002-2004թթ. Սևանա լճի ավազանում հիդրոօդերևութաբանական պայմանները նման են եղել միմյանց և ինչպես երևում է գրաֆիկից այս երեք տարիները նպաստավոր են եղել լճի մակարդակի բարձրացման համար: Լճի մակարդակի բարձրացման համար նպաստավոր են եղել նաև 2007թ. և 2010թ., ընդ որում, նշված երկու տարիները ՀՀ համար ընդհանրապես ջրաբանական տեսակետից նպաստավոր տարիներ են եղել:
Ի հակառակ վերը նշված տարիների, 2008թ., 2012թ., 2013թ. և 2014թ. սակավաջուր տարիներ են եղել: Այդ տարիներին վարարումների ընթացքում գետերով լիճ ներհոսքի մեծությունները (տարեկան կտրվածքով մակարդակի բարձրացման չափը սերտորեն կախված է վարարումների ընթացքում գետերով մուտք գործած ջրի քանակից) և տեղումների քանակը քիչ են եղել, բացասաբար անդրադառնալով մակարդակի բարձրացման վրա: Հատկապես պետք է առանձնացնել 2012թ. և 2014թ., պայմանավորված այդ տարիներին արձանագրված սակավաջրությամբ, և որպես դրա հետևանք՝ լճից ջրառի մեծ արժեքներով, լճի մակարդակի փոփոխությունը բացասական արժեք ունեցավ: Բանը նրանում է, որ վերոհիշյալ տարիներին անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով գարնանային վարարումների ժամանակ մակերևութային գետային հոսքը խիստ ցածր էր նորմայից, որի պատճառով Ախուրյանի, Արփիլճի, Ապարանի, Ազատի ջրամբարներում կուտակվել էր պատմականորեն նվազագույն քանակություններ և գյուղատնտեսության ոլորտում ոռոգման ջրի պահանջարկի բավարարման միակ այլընտրանքը Սևանա լճից լրացուցիչ ջրաքանակ վերցնելն էր: Ասվածն առավել լավ երևում է մուտքի և ելքի գումարային բաղադրիչների փոխհարաբերությունները ցույց տվող ստորև բերված գրաֆիկում.
[img]/ups/images/0562091001424160742342263.jpg[/img]
Բոլորի ուշադրության կենտրոնում գտնվող լճի ջրային հաշվեկշռի կարևորագույն բաղադրիչը՝ լճից բաց թողնվող ջրի քանակը, հաշվառվում է Աթարբեկյան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետում տեղադրված ամերիկյան արբանյակային ավտոմատ սարքի միջոցով:
Վերջին 12 տարիներին Գեղամավան դիտակետում Սևանա լճից բաց թողնված ջրի տարեկան ծավալների, միջին օրական մեծությունների և բացթողման սկզբի ժամկետների ու տևողության մասին տեղեկատվությունը, ինչպես նաև Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակները տրված է ստորև բերված աղյուսակում:
[img]/ups/images/0663217001424160759790471.jpg[/img]
Ինչպես երևում է աղյուսակից միջին ժամկետից շուտ ջրառ կատարվել է հենց սակավաջուր տարիներին: Ոռոգման սեզոններին բաց թողնված ջրի միջին օրական 1.4 մլն.խոր.մ ծավալը լիովին հիմնավորված մեծություն է, քանի որ լճից բաց թողնված ջրի ծավալը օրվա տարբեր ժամերի խիստ տարբեր արժեքներ է ունենում, և հազիվ թե, որևէ կերպ, որևէ մեկը, բացառությամբ սարքավորումների, ֆիքսած լինի ջրանցքով 24 ժամում անցնող ջրի քանակները, և ջրանցքի կեսից ավել թողունակությամբ ջուր լինում է միայն օրվա մի քանի ժամերի ընթացքում:
[img]/ups/images/0683501001424160777104780.jpg[/img]
Ինչ վերաբերում է Սևանա լճի մակարդակի փոփոխությանը (տես ստորև բերված նկարը), ապա նշեմ, որ 2002թ. հունվարի 1-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1896.32մ, իսկ 2015թ. հունվարի 1-ին այն արդեն կազմել է 1900.13մ, այսինքն այդ ժամանակահատվածի ընթացքում բարձրացման գումարային չափը կազմել է 3.81 մ, ընդ որում 2002-2007թթ. բարձրացման չափը կազմել է 2.47մ, իսկ 2008-2014թթ. կազմել է 1.34մ (ներառյալ գեոդեզիական նիշերի ճշգրտումների հիման վրա ավելացրած 20սմ):
[img]/ups/images/0978563001424160797552139.jpg[/img]
Տարեկան կտրվածքով բարձրացման միջին արժեքը կազմում է 30սմ, բայց, պայմանավորված յուրաքանչյուր տարվա հիդրոլոգիական և եղանակակլիմայական պայմաններով, ինչպես նաև ջրատնտեսական բաղադրիչների արժեքներով, բարձրացման չափը յուրաքանչյուր տարի տարբեր արժեքներ է ունենում: Ստորև բերված գրաֆիկում ներկայացված է Սևանա լճի մակարդակի փոփոխությունները տարվա ընթացքում, ընդ որում տրված են տարվա ընթացքում գարնանային վարարումների ժամանակաշրջանում լճի մակարդակի առավելագույն բարձրացած չափը, առավելագույն մակարդակից մինչև տարեվերջ նվազած չափը և մակարդակի փոփոխությունների տարեկան արժեքները:
[img]/ups/images/0349317001424160820407493.jpg[/img]
Ինչպես երևում է գրաֆիկից գարնանային վարարումների ընթացքում առավելագույն բարձրացումներ դիտվել են 2007թ. և 2010թ., բարձր ցուցանիշներ դիտվել են նաև 2002-2004թթ., ընթացքում: Իսկ ցածր արժեքներ դիտվել են 2008թ., 2012թ., 2013 և 2014 թվականներին:
2015թ. ընթացքում լճի մակարդակի փոփոխությունների կանխատեսումների հետ կապված, պետք է ասել, որ այսօրվա դրությամբ մակարդակի փոփոխությունը պայմանավորող գործոնները՝ առկա ձյան պաշարները և նախաձմեռային շրջանի հիդրոօդերևութաբանական պայմաները առավել նպաստավոր են, քան 2014թ.-ին և լճի մակարդակի փոփոխության կանխատեսումները վերջական տեսքով կթողարկվեն մարտ ամսի երրորդ տասնօրյակում:
Լ.Վարդանյան
ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության տնօրեն
Նմանատիպ նյութեր
6587 դիտում
13:53 27-04-2018
Սեւանա լճից սկսվել են ջրբացթողումները լճի մակարդակի բացասական հաշվեկշռի պայմաններում
1612 դիտում
20:07 27-06-2014
Մաշկի ջրային հաշվեկշռի խախտման դեպքում մեծանում է կնճիռների առաջացման վտանգը
Այս բաժնից
859 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
751 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան